«Անթափանց» պաշտոնազրկումներ
2016-11-02 00:34:00

Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները՝ մենք երբեք մինչեւ վերջ չենք հասկանա:

Սկսած Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի հրաժարականից՝ եւ վերջացրած՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, հասարակությունը հոդաբաշխ պատասխան չունի՝ ինչո՞ւ:

Ժողովրդական, լրագրողական կամ բամբասանքային մակարդակով վարկածները շատ են, սակայն պաշտոնական բացատրությունները՝ չափազանց ժլատ: Վերցնենք թեկուզ վերջին փոփոխությունը:

Խոսվում է սահմանադրական բարեփոխումների եւ դրանց բերած նոր մարտահրավերների մասին, բայց չի ասվում, թե ինչո՞վ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէր համապատասխանում այդ բարեփոխումներին եւ մարտահրավերներին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը համապատասխանում է:

Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է թվարկվեն վարչապետի կամ կառավարության այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են հայտարարված փոփոխությունների համար: Թե ինչու իշխանությունից հեռացրեցին հայտնի դեմքերին՝ հասկանալի է: Բայց դրա մասին բարձրաձայն չի ասվում, ինչը թույլ է տալիս, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին ասել, որ իրականում իրեն չեն հեռացրել, որ նա ինքն է հրաժարական տվել:

Եթե պաշտոնապես ասվեր, թե Սյունիքի մարզպետի՝ աշխատանքից ազատման պատճառը այսինչ դեպքերն են (որոնց մասին, մասնավորապես, «Առավոտը» մի տասն անգամ գրել է), ապա մնացած պաշտոնյաներին պարզ կդառնար, թե որ սահմաններում է պետք մնալ:

Օդիոզ դեմքերի դեպքում (մասնավորապես՝ մի քանի նախարարների) մոտավորապես կարելի է կռահել, թե ինչու են նրանք զրկվել պաշտոններից, իսկ ինչո՞ւմ էր թերացել, օրինակ, Արմեն Մուրադյանը: Դրա մասին հավանաբար երբեք չենք իմանա:

Իշխանավորների պաշտոնազրկման իրական պատճառները չհայտարարելը հին ու բարի խորհրդային ավանդույթ է: Այն ժամանակ էլ աշխատանքից հանում էին հիմնականում «սեփական դիմումի համաձայն» եւ «առողջական խնդիրների պատճառներով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/11/02/822527/ 

Այս նյութը դիտել են - 2949 անգամ