Սփյուռքից բաց նամակները ուշացած են առնվազն մեկ տարով 2016-11-02 04:45:00
Վերջին շրջանում Սփյուռքի գործիչներից Հայաստանի իշխանություններին ուղղված բաց նամակները մի կողմից հավանություն կարող են արժանանալ հանրության տարբեր հատվածների կողմից, մի կողմից էլ, տարկուսանք, թե ինչու այդ նամակները գրվում և հրապարակվում են առնվազն մեկ տարի ուշացումով: Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին , 30 նշանավոր հայեր, ներառյալ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Ալեքսիս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Էրիկ Պողոսյանը և Սեպուհ Սիմոնյանը, հանդես եկան միջնորդագրով change.org կայքում՝ ‘’Արդարադատություն Հայաստանում’’ խորագրով: Մի քանի օր անց, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես եկավ խիստ քննադատական բաց նամակով՝ Երևանում հուլիսի 27-ին բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվելուց հետո: Խանջյանը ուրվագծեց իշխանության թերությունները՝ կոչ անելով սփյուռքահայերին չլինել ‘’երկմիտ հանդիսատեսներ» և մասնակցել սոցիալական վիճակի բարելավմանը Հայաստանում:
Հոկտեմբերի 28-ին, 23 ականավոր հայեր, ներառյալ Աբել Աղանբեկյանը, Շառլ Ազնավուրը, Էդվարդ Ջերեջյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը հանդես եկան մեկ այլ բաց նամակով՝ կոչ անելով ‘’Գլոբալ հայերին... միավորվել և միասնաբար կերտել Հայաստանի ապագան»: Ստորագրողները կոչ արեցին «բոլոր հայերին՝ ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը’’: Բաց նամակը հրապարակվեց ‘’Նյու Յորք թայմս’’ և ‘’Հայաստանի Հանրապետություն’’ թերթերում:
Մինչդեռ այս կարգի բաց նամակները պետք է հրապարակվեին մինչև 2015 թվականի աշունը, երբ հանրային քննարկման էր դրված նոր Սահմանադրության նախագիծը: Սփյուռքն անտարբեր գտնվեց այդ գործընթացի նկատմամբ և լռությամբ արձագանքեց այն հանգամանքին, որ Սահմանադրության մեջ անտեսվել է Սփյուռքի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը երկրի կառավարմանը:
Հիմա գրվել են բաց նամակներ, ուր առաջնահերթ են համարվել Սփյուռքի մասնակցությունը երկրի կառավարմանը և հանրային կյանքին, սակայն հաշվի չեն առել, որ մասնակցային մեխանիզմներն են բացակայում: Իսկ այդ մեխանիզմները պետք է լինեին նոր Սահմանադրության մեջ:
Հիմա փաստերով Սփյուռքի անտեսման վերաբերյալ.
Նոր Սահմանադրության 89-րդ հոդվածով Ազգային ժողովում տեղ է հատկացվում ազգային փոքրամասնություններին.’’ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին’’:
Ընտրական նոր օրենսգրքի նախագծով երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին: Այսինքն, չորս պատգամավոր պարտադիր պետք է լինեն ազգային փոքրամասնություններից:
Դեմ չենք ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայությանը խորհրդարանում:
Հարց է առաջանում , իսկ Սփյու՞ռքը:
Այն , որ Սահմանադրությամբ և Ընտրական նոր օրենսգրքով Սփյուռքին որևէ ձևով հնարավորություն չի տրվում իր կուսակցական և ոչ կուսակցական ներկայացուցիչների միջոցով մասնակից լինել երկրի կառավարմանը, դա դեռ խնդրի մի երեսն է` ինչպես մետաղադրամը;
Բանն այն է, որ Սահմանադրության 86-րդ հոդվածում սպառիչ թվարկված են պետության քաղաքականության հիմնական նպատակները` 16 կետով: Եվ այդ թվարկման մեջ չկա գոնե մեկ նպատակ, որն առնչվում է Սփյուռքին: Սա զարմանալի իրականություն է;
Միթե՞ հայրենի կառավարությունը որևէ պարտադիր իրականացման նպատակ չունի Սփյուռքի հետ կապված:
Սա դեռ ամբողջը չէ անտեսման առումով:
Նոր Սահմանադրության 87-րդ հոդվածը նախատեսում է, որ պետական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները, իսկ կառավարությունը պարտավոր է այդ նպատակների իրագործման վերաբերյալ զեկույց ներկայացնել խորհրդարանին:
Ամփոփենք. նոր սահմանադրությամբ Հայաստանի կառավարությունը գործնականում որևէ նպատակային պարտավորություններ չունի Սփյուռքի նկատմամբ և կարող է իր տարեկան զեկույցում ամենևին չանդրադառնալ այդ խնդրին;
Հարց եմ ուղղում մեր երկրի առաջին դեմքերին. միթե՞ այսպես կարելի է ազգային պետականություն կառուցել:
Էդիկ Հովսեփյան
P.S. – Բաց նամակները պետք է գրվեն ճիշտ ժամանակին, այլապես դրանք կարող են անպատասխան մնալ, քանի որ հասցեատերը տեղում է, անգամ կարող է համաձայնել բոլոր նամակներում բարձրացված հարցերին, սակայն իրավական տեսակետից ոչինչ չի կարող ձեռնարկել:
Այս նյութը դիտել են - 4955 անգամ