Այս ամենի առկայությունն ընդունում ու խոստովանում է նույնիսկ գիտական աստիճաններ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նաեւ չի հերքում, որ կա թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ գրող գիտնականների մի որոշակի շրջանակ, որոնք, ի դեպ, պաշտոնյաների անունից ներկայացվելիք աշխատանքներն ավելի լավ են գրում: «Պաշտոնյաները նաեւ գրել են տալիս, եկեք չմոռանանք: Ու այդ գրողները, վախից կամ չգիտեմ ինչից, լավ են գրում, որովհետեւ ուրիշ դեպքերում վատ են գրում. հո այդքան գյուտ չե՞ն անելու. իրենց նախկին գրածներից «քոփի-փեստ» են անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիլիթ Արզումանյանը:
ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդները չեն ցանկանում բացահայտել պաշտոնյաների այդ կեղծիքը, ինչը կարող են անել ատենախոսությունը քննարկելու ընթացքում, ու աշխատանքը ներկայացնում են գիտական աստիճանաշնորհման, իսկ արդեն այդ փուլում գնահատվում է միայն աշխատանքի որակը, եւ հեղինակի հարցը վիճարկելու հնարավորություն այլեւս չի լինում: Խնդրի լուծման ճանապարհին Լիլիթ Արզումանյանը կարեւորում է գիտակցության, մտածողության փոփոխությունը:
«Նախ, գրողը չպիտի գրի: Ես հասկանում եմ, որ հացի խնդիր ենք լուծում, բայց չի կարելի այդպես լուծել: Արժանապատվություն ունեցող գիտնականը երբեք իր իմացությունը, իր գիտությունը չի ծախի անպետք մարդու: Կարելի է հացի խնդիր լուծել պարապելով, թարգմանելով, գիրք խմբագրելով եւ այլն, ինչպես որ անում են շատերը:
Եվ երկրորդը` հասարակությունը չպետք է ընդունի այն մարդու գիտական աստիճանի վկայագիրը, որը գիտնական չէ: Հաճախ են հարց տալիս` մեր վկայագիրը աշխարհում ճանաչվո՞ւմ է, թե՝ չէ: Այո, ճանաչվում է, որովհետեւ տալիս է պետությունը, բայց աշխարհում ավելի առողջ մտածողություն կա այդ առումով, եւ ճանաչում են առաջին հերթին գիտնականին, հետո նոր վկայագիրը, այսինքն` հոդվածներն են պահանջում, արդյունքներն են պահանջում, հետո մեզ գրություն են գրում` այս վկայագիրը դո՞ւք եք տվել, մենք հաստատում ենք, ու ընդունում են աշխատանքի: Եթե իմ առած ատենախոսության արդյունքը չի ընդունվելու, ես դա երեք չեմ առնի: Այսինքն` հասարակությունը իր մտածողությամբ պետք է վանի, որեւէ մի օղակ, որեւէ անհատ մենակ վատ երեւույթների դեմ պայքարել չի կարող, ամեն մեկս մեր տեղում դա պետք է անենք»,- ասաց Արզումանյանը:
Հետաքրքրվեցինք, թե պաշտոնյաների կողմից իր նկատմամբ ճնշումներ զգացե՞լ է: Ասաց, որ նման բան եղել է: «Վերջերս շատ մեծ այդպիսի պատմություն եղավ Դավիթ Հարությունյանի հետ, բայց չկարողացավ ոչինչ անել: Ինչ-որ մի դոկտորական էինք մերժել, դրա համար»,- չթաքցրեց ԲՈՀ-ի նախագահը, բայց եւ այլ մանրամասներ էլ չնշեց:
Իսկ լրագրողների հետ նրա հանդիպման առիթը գիտական աստիճանաշնորհման համակարգում ձեռնարկված փոփոխություններն են:
Արզումանյանի տեղեկացմամբ, բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը մոտենում է ավարտին. «ԲՈՀ-ը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը` այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Այս գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական համակարգից, որն այսօր այլեւս չի կարող գործել»:
Լուծարվել են նաեւ մասնագիտական խորհուրդներն ու դրանց փոխարեն ստեղծվել նորերը: Յուրաքանչյուր խորհուրդ կազմված է 9 անդամից, իսկ գիտնականներից յուքանչյուրը միայն մեկ խորհրդում ընդգրվելու հնարավորություն ունի: Պայմաններից է նաեւ այն, որ խորհրդի կազմում ներառված գիտությունների թեկնածուն վերջին հինգ տարվա ընթացքում ունենա 10 գիտական աշխատանք, իսկ դոկտորները` 5: Պարզվում է, սակայն, որ այդպիսի մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չի եղել: Չնայած տարեկան միջինը 500 մարդ գիտական աստիճան է ստանում, նրանց մեծ մասը հետագայում չի զբաղվում գիտությամբ: Բացի այդ, առկա իրավիճակը պայմանավորված է նաեւ արտագաղթի մեծ ծավալներով:
«Լուծարվեցին գործող բոլոր մասնագիտական խորհուրդները եւ ստեղծվեցին նորերը: Ու հանկարծ համակարգի ամբողջ պատկերը դուրս եկավ ջրի երես, եւ այն, իհարկե, այդքան հիանալի չէ: Այսօր Հայաստանում դոկտորներ կան, որոնք հինգ տարում հինգ հոդված էլ չունեն: Այսինքն` տարվա ընթացքում մեկ հոդված չեն գրել»,- մեր զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը` մանրամասնելով, որ օրինակ Աստղադիտարանում մասնագիտական խորհուրդ ձեւավորել չեն կարողացել:
«Մենք ունեցել ենք աստղադիտարան, համաշխարհային երեւույթ, բայց այնտեղ չկարողացանք առանձին խորհուրդ ստեղծել, որովհետեւ մեր դոկտորները Հայաստանում չեն: Աստղադիտարանի 20-ից ավելի դոկտոր այսօր աշխատում են դրսում: Նրանք մեր հարստությունն են, մեր գանձերն են, որ պետք է պահենք, բայց հեշտ ու հանգիստ շռայլում ենք` գնացեք աշխարհով մեկ: Այդ մասնագիտությունը ընդգրկվել է ֆիզիկայի խորհրդի մեջ»,- արձանագրեց ԲՈՀ-ի նախագահը:
Այս նյութը դիտել են - 5022 անգամ