ATV-ն լռում է, իսկ դերասաններն՝ անտեղյակ են. «Կայարան»-ը թուրքական սերիալի սցենարով է նկարահանվում
2016-11-02 20:24:00

«Կարա սևդա»՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սև սեր»: Սա թուրքական մի հեռուստապատում է, որի սցենարը, կարծես թե, տեղ է գտել հայկական օճառային օպերային արվեստում: Խոսքը «Կայարան» հեռուստանովելի մասին է, որը սցենարական լուծումներով, կադրերով ու անգամ բառացի թարգմանությամբ համընկնում է թուրքական «Կարա սևդա» հեռուստանովելին:

Թուրքական սցենարով հայկական հերթական սերիալի հարցն այս օրերին բավական ակտիվորեն քննարկվում է համացանցի՝ մասնավորապես Facebook-ի տիրույթում: Ինչո՞ւ է ATV հեռուստաընկերությունը տուրք տվել թուրքական մոտիվներով նկարահանվող սերիալի գաղափարին ու այսպիսի նախագիծ սկսել. փորձեցինք հետաքրքրվել թե´ սերիալի ռեժիսորից, թե´ սցենարիստից, թե´ «Պանարմենիան մեդիա գրուպ» գլխավոր պրոդյուսերից, թե´ ATV հեռուստաընկերության տնօրինությունից և թե´ դերասաններից:

Հեռուստանովելի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Նա ժողովի էր և այդպես էլ չկարողացավ փոքր-ինչ ժամանակ գտնել՝ մեր մի քանի հարցին պատասխանելու համար: Ժողովի էր նաև «Պանարմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ով միանգամից անջատեց լսափողը, երբ իմացավ, թե ինչի համար ենք իրեն անհանգստացնում:

Իսկ ATV հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանն էլ խորհուրդ տվեց հարցերն իրենց գրավոր ուղղել՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Ինչը, բնականաբար չարեցինք՝ ելնելով թեմայի հրատապությունից և էլեկտրոնային կայքին բնորոշ օպերատիվության հանգամանքից:

Սերիալի սցենար գրելու հարցում ռեժիսոր Արշակյանին օգնած Անահիտ Մխիթարյանից ևս հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ պլագիատ: «Ես չեմ ուզում խոսել այդ ֆիլմի մասին»,- ասաց Անահիտ Մխիթարյանն՝ առանց հավելյալ մեկնաբանության:

«Կայարան» հեռուստանովելի այս թնջուկից գլուխ հանելու համար կապ հաստատեցինք նաև սերիալի դերասանների՝ Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և Ալեքսանդր Բաբասյանի հետ:

Արմեն էլբակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ սերիալը նկարահանվում է թուրքական մեկ այլ սերիալի մոտիվներով: «Առաջին անգամ եմ լսում, մինչև ձեզ հետ զրույցը տեղյակ չէի: Իսկ եթե այդպես է, դա շատ վատ է, շատ»,– ասաց Ա. Էլբակյանը:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն էլ, որ հաճախ է Facebook-ի իր անձնական էջում տեղադրում հեռստանովելի առաձին սերիաները, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ կարծիքը լսել էր տարբեր մարդկանցից: «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դեմ եմ ցանկացած թուրքական պրոդուկտի. դա կլինի թե´ մթերքների, թե´ հանգստի գոտիների տեսքով: Մենք ունենք սցենարիստ, ով աշխատում է սցենարի վրա: Միգուցե և նմանություն կա ընդհանուր «սիրո եռանկյունու» տեսանկյունից, այսինքն՝ որ մեկ կնոջ շուրջ պտտվում է երկու տղամարդու սեր: Բայց, համենայն դեպս, ուրիշ նմանությունների մասին չեմ կարող ասել, որովհետև թուրքական արտադրության ֆիլմեր չեմ դիտում: Ես վստահում եմ մեր սցենարիստին, մեր պրոդյուսերներին, և աշխատում ենք նրանց հետ: Ստացել ենք լավ արդյունք, և հեռուստադիտողն ինքը կդատի, որ դա լա՞վ արդյունք է, լա՞վ աշխատանք է ստացվել: Համեմատությունները թողնենք հեռուստադիտողներին, քանի որ չեմ կարող ասել մի բանի մասին, ինչից տեղյակ չեմ»,- նկատեց Բաբասյանը:

Հետաքրքրվեցինք՝ կշարունակի՞ խաղալ նույն սերիալում, եթե իմանա, որ այն, այնուամենայնիվ, գողացված սցենար է: Դերասանը պատասխանեց. «Մի հետաքրքիր փաստ ասեմ՝ կապված «Կայարան» հեռուստասերիալի հետ. ես տարբեր հեռուստասերիալներում եմ խաղացել և պետք է ասեմ, որ իմ կերպարն այստեղ շատ է դուրս գալիս ու ես երևի թե շարունակեմ խաղալ՝ անկախ ամեն ինչից: Իհարկե, հաճելի չի լինի, եթե դա թուրքական սերիալի կրկնօրինակում լինի, բայց ես կշարունակեմ խաղալ իմ դերը, որովհետև առաջին իսկ րոպեներից նվիրվել եմ դերին ու կերպարին: Եթե սցենարը թուրքական է, ես դրան դեմ եմ, բայց եթե արտադրանքը հայկական է, սցենարիստը, օպերատորները, դերասանները հայ են, այսինքն՝ արտադրանքն է հայկական, դրան դեմ չեմ: Ի վերջո՝ գուցե այդ թուրքական սցենարան էլ ինչ-որ մեկ այլ տեղից է վերցված, որ մենք չգիտենք: Զուտ այդ տեսանկյունից՝ ինձ համար էական չէ, թե որտեղ են կրկնօրինակել: Մեզ մոտ հնարավորություն չկա, սցենարիստներին այն գումարները չեն վճարում, ովքեր օր ու գիշեր նստեն, մտածեն ինչ-որ բանի շուրջ: Այսինքն՝ ինչ-որ մի գաղափար կրկնօրինակում են»:

Ցածր աշխատավարձը չի արդարացնում պլագիատը՝ պնդեցինք: «Իհարկե չի արդարացնում, ոչ մի դեպքում չի արդարացնում, ես դեմ եմ ցանկացած կրկնօրինակման: Կողմ եմ, որ ամեն ինչ մերը լինի»,- նշեց դերասանը:

Նկատեք, որ ATV հեռուստաընկերության հեռախոսահամարը, որը ներկայացված է ՀԸ պաշտոնական կայքում, այսօր ընդհանրապես չէր պատասխանում և որևէ զանգի: Նկատենք նաև, որ նույն հեռատաընկերության հենց այդ նույն կայքում բացակայում է «Կայարան» հեռուստանովելի մասին ինչ-որ մի գրառում: Ավելին՝ սերիալի մասին տեղեկատվություն չկա ՀԸ կայքի ո´չ «Ֆիլմեր», և ո´չ էլ «Հաղորդումներ» բաժնում: Դե իսկ «Ծրագիր» բաժինը, որտեղ պետք է տեղադրվի ՀԸ-ի տվյալ օրվա եթերային ծրագիրը՝ ժամային գրաֆիկով, ընդհանրապես լրացված չէ:

Սևակ Վարդումյան, Հայկանուշ Ալոյան

armarlur.com

Այս նյութը դիտել են - 2460 անգամ