Մեր պետության նման հարուստ պետություն գոյություն չունի իր միլիարդատերերի ու միլիոնատերերի թվաքանակով հաշված
2016-11-02 23:48:00
Ինչպես գիտենք, ՀՀ-ում թոշակի անցնելու տարիքը 63 տարեկանն է: Մարդը անելանելի դրությունից շտապում է, թե երբ պիտի հատի 63-ի սահմանը, որ գոնե գոյատևելու թոշակ ստանա, բայց այստեղ ծագում են բավականին մեծ խնդիրներ:
63 տարեկանը 40 տարի և ավելի ստաժ է ունենում, բայց սոց.նախարարության շրջանային ստորաբաժանումներում, առնվազն, 10 տարի հանում են աշխատանքային ստաժից, պատճառաբանելով, որ գործատուն համապատասխան վճարումներ չի կատարել սոց.ֆոնդին:
Դա այն տարիներն էին, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, և ոչ մի վերահսկողություն չկար գործատուների նկատմամբ:
Ո՞վ է մեղավոր...Դե, իհարկե, աշխատողը, որ թոշակային տարիքին հասնելուց հետո անգամ, դառնում է այս չ՛պետության անմեղ-մեղավորը: Կրկին անգամ իշխանավորը կամ գործատուն դուրս են պլստում պատասխանատվությունից և, կրկին անգամ, տուժում է անմեղ-մեղավորը:
Չգիտեմ, թե ինչպես են կատարվում հաշվարկները, բայց առ այսօր չեմ տեսել մի սովորական թոշակառու, ում թոշակի չափը գերազանցի 50.000 դրամը: Մոտս կարծիք է ձևավորվել, որ հենց այդ գումարն է, որ ներքին կարգով հրահանգավորված է համարել ամենավերին շեմը: Իմ ծանոթների մեջ կան մարդիկ, ովքեր աշխատել են 65 տարի և ավելին, բայց կրկին ստանում են իրենց հատկացված 50.000 դրամ ստորացուցիչ թոշակը: Այդ գումարը նույնիսկ տուն չի հասնում: Արջի բաժինը թոշակառուն թողնում է լույսի, գազի, ջրի, բնակվարձի, աղբահանության դիմաց, իսկ եթե թոշակի գումարը ծիծաղելիորեն ավելի փոքր է...մեկնաբանելն ավելորդ է դառնում:
Ներկա գործադիր իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը` երկրում աղքատության հաղթահարումն է, բայց ինչպե՞ս, երբ նոր սոցապնախարարը հպարտ-հպարտ հայտարարում է, որ 2017 թվականին թոշակների բարձրացում չի նախատեսվում, քանզի բյուջեն դատարկ է, պարտք հո չե՞ն վերցնելու թոշակ բարձրացնելու համար:
Պարտք մի վերցրեք, մեր պետության նման հարուստ պետություն գոյություն չունի իր միլիարդատերերի ու միլիոնատերերի թվաքանակով հաշված: Մեզանից գողացած գումարները հետ վերցրեք և թույլ տվեք, որ թոշակառուն մարդավայել ապրի, ոչ թե մի կտոր չոր հաց ծամելով ու իր չար բախտն անիծելով:
Ասում են` հավատացեք բարեփոխումներին: Ո՞նց հավատանք, թե գայլի պոչը կտրելով գառ կդառնա: Ո՞նց հավատանք, որ աթոռներին նստած տզրուկները մի բաժակ սովորական սև սուրճի համար ԵՆ 50.000 դրամ վճարում էլիտար ռեստորաններում...
Չէ՜, ոնց գցում-բռնում եմ, նոր կառավարությունն էլ է հնի շարունակությունը, որովհետև ռուսի դրածոն ու մանկլավիկներն են բոլորը` առանց խտրականության;
Ոչ մի լավ բանի չեմ սպասում, որովհետև` ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ իշխանությունը բռնազավթած տզրուկ լաքեյներին;
Որքան խեղճ է ապրում ժողովուրդը, այնքան նրան հեշտ է կառավարելի դարձնելը:

 Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3905 անգամ