Սառույցը կոտրվում է
2016-11-03 00:42:00

Վերջերս ՀՀ-ի ներքաղաքական-հասարակական կյանքում ամենաքննարակվող թեմաները կապված են բարեփոխումների հետ:

Ոմանք մեծ հույսով սպասում են, որ մեր երկիրը նոր փուլ է մտել և այն հեղափոխական է լինելու Հայաստանի համար, ոմանք կարծում են, որ ոչինչ չի փոխվելու:

Իհարկե բողոքելու առիթներ շատ կան, քանի որ խնդիրները բազմաթիվ են, իսկ լուծումների սպասումները ահռելի և ակնթարթային: Բայց կարելի է փաստել, որ սառույցը կարծես թե կոտրվում է:

Նախ «Գազպրոմը» դիմել էր ՀԾԿՀ գազի գնի վերանայման հարցով, որը իր հետ կբերի նաև էլեկտրաէներգիայի գնի նվազում՝ նվազեցնելով սոցիալական բեռը:

Երեկ էլ արդեն Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Վերոգրյալ երկու թեմաներն էլ ունեն մեծ սոցիալական էֆեկտ: Էներգակիրների մասով ամեն ինչ ավելի պարզ է՝ մարդիկ ուղղակի ավելի քիչ գումար են վճարելու, իսկ մյուս դեպքում հարցը ավելի շատ հասարակության մեջ արմատացած խնդիր է լուծում:

Ներկայումս վարորդների մեծամասնությունը բողոքում է տուգանքներից՝ մատնանշելով այն փաստը, որ գումարները գնում են մասնավորի գրպանը: Այս փոփոխությունից հետո տուգանքների վճարները ուղղվելու են ՀՀ պետական բյուջե, որը նախ ապահովում է լրացուցիչ միջոցներ, և երկրոդ վերացնում մասնավորին չվճարելու արդարացումը՝ մեծացնելով վարորդների զգոնությունը և երթևեկությունը դարձնելով ավելի կարգապահ:

Հայկ Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3224 անգամ