Ավելի քան 270 մլն դրամ խնայողություն՝ մի շարք հիմնարկների փակման արդյունքում
2016-11-04 00:20:00
ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի նիստում որոշում ընդունվեց՝ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին: Դրա արդյունքում տնտեսվում է շուրջ 65.5 մլն դրամ:
«Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»,- նախարար Արմեն Երիցյանի զեկույցին արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դադարեցվում է նաև ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, որի արդյունքում 66 մլն 576 հազար դրամ է տնտեսվում:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների գործունեության դադարեցման արդյունքում տնտեսվում է մոտ 61 մլն դրամ:
«Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարման արդյունքում տնտեսվում է 80 մլն դրամ:
Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան- Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը: Թե որոշման արդյունքում որքան գումար է տնտեսվելու՝ դեռ հաշվարկ արված չէ:
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը կառավարության օպտիմալացման անհրաժեշտությանն անդրադարձել է «Ուռճացված կառավարություն» նախագծում:
Հիշեցնենք նաև, որ Կարեն Կարապետյանը ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների կրճատման հանձնարարականներ է տալիս վարչապետի պաշտոնին նշանակվելուց ի վեր:
yerevan.today
Այս նյութը դիտել են - 4694 անգամ