Եթե մեր լրագրողները պահպանեին չգրված կանոնն ու կառավարության որոշ անդամներին 100 օր հարցեր չտային, ապա թերևս մենք փոքր ինչ ուշ իմանայինք, որ մեր առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն օժտված է յուրահատուկ ցինիզմով ու գռեհկությամբ:
Չգիտեմ Սինգապուրում առողջապահության ոլորտի պատասխանատուներն ինչպես են արտահայտվում հանգուցյալների հասցեին, բայց մեզ մոտ ընդունված է մահացած մարդկանց մասին խոսելիս ցուցաբերել բացառիկ հարգանք ու բառերն ընտրել այնպիսի խնամքով, որ նույնիսկ մեկ անզգույշ արտահայտությամբ չվիրավորեն հանգուցյալի հիշատակը:
Այսօր ազգային ժողովում մահացած ծննդկաններին վերաբերող հարցերին, նորաթուխ նախարարը տվել է հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Նախ ինչու՞ է նորաթուխն իրեն երևակայել, իբր լրագրողները ավելի վատ են հասկանում, քան ինքը ու որոշել է մեծամիտ տոնով խրատներ տալ: Բացի այդ, ցանկացած ողջամիտ մարդ գիտի, որ ամբողջական համակարգ չի լինում առանձին դեպքերից անկախ ու առանձին դեպքերի հանրագումարն էլ կազմում է ամբողջական համակարգը: Հետևաբար եթե առողջապահական համակարգում գրանցվում են ծննդկանների մահվան դեպքեր, նշանակում է, որ համակարգում ինչ որ բան այն չէ: Դա խոսում է մարդու ոչ բանիմացության ու տգիտության մասին: Իսկ ինչ վերաբերվում է մահացածների հարազատներին բողոքավոր անվանելուն կամ նրանց մորգի ճանապարը ցույց տալուն, դա արդեն տարրական անդաստիարակության հետևանք է:
Սակայն պարզվում է այս նախարարը սովորություն ունի ցինիզմով ու գռեհկությամբ արտահայտվել նաև ողջ մարդկանց հասցեին: Լրագրողների հաջորդ հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, նա տվել է հետևյալ պատասխանը. «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»:
Ասում են՝ յուրաքանչյուր մարդ իր չստացված մանկությունն ու պատանեկության տարիների վիրավորանքները տեղափոխում է իր հետ հասուն տարիք ու այնպես ինչպես իր հետ վարվել են երիտասարդ օրերին, նույնը նա հակադարձնում է այլոց առաջին իսկ հնարավորության դեպքում: Եթե մարդն այսօր իր խորհրդականներին անվանում է դրանք, ապա ենթադրվում է, որ իրեն ժամանակին վերաբերվել են ինչպես առարկայի:
Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ
Այս նյութը դիտել են - 3724 անգամ