Ընդդիմադիրներին չեն հավատում2016-11-04 10:54:00

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Ասել է թե՝ եկել է պահը բացահայտելու նրանց, ովքեր արդեն իսկ «դավաճանի» պիտակ են կրում:
Հիշենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ընդդիմադիր 3 կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը», որ միավորվել էին իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու շուրջ, ունենալով ձայների առավելություն, չկարողացան իրագործել այդ պարզագույն նպատակը: Եվ հիմա, երբ նրանք հայտարարել են, թե բոյկոտելու են ավագանու նիստերը, հույս ունեն այդ ճանապարհով բացահայտել նաև նրանց, ովքեր անցել էին մրցակցի ճամբարը:
Սակայն այսօր քիչ չեն նրանք, ովքեր նույնիսկ բոյկոտ կազմակերպելու հնարավորությանը չեն հավատում: Եվ այս մարդկանց փաստարկը միանշանակ է. եթե այն ժամանակ երեք ուժերը չկարողացան համատեղ հանդես գալ, ապա ի՞նչ երաշխիք, որ հիմա կմնան իրենց խոսքի տերը:
Նման տեսակետի հետ դժվար է չհամաձայնել, առավել ևս, որ ընդդիմադիր ճակատում միասնության կամ համագործակցության մասին որևէ ծանրակշիռ դեպք կամ փաստ շատ դժվար է վերհիշելը:
Միշտ էլ գտնվում է մեկը, ով վճռորոշ պահին կամ նահանջում է, կամ թիկունքից հարվածում է գործընկերոջը:
Եվ այս իմաստով վաղվա ավագանու նիստը կարող է լրացուցիչ հնարավորություն լինել՝ ստուգելու, թե որքանով են իրավացի հոռետեսները: Իսկ մինչ այդ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես համալրում է նրանց շարքերը, ովքեր խորապես կասկածում են ընդդիմադիրների խոսքի արժեքին: «Դեռ ավագանու նիստ չի եղել: Երբ որ նիստը կլինի, բոյկոտ կլինի, մենք նոր բոյկոտի մասին կխոսենք»,- ասում է Նալբանդյանը, և նրա բառերի մեջ թաքնված շերտ կա, ճիշտ այնպիսի մի շերտ, ինչպիսին կար ՏԻՄ ընտրություններից առաջ ՀՀԿ-ական թեկնածուին սատարողների համոզմունքներում:
shame.am
Այս նյութը դիտել են - 5298 անգամ