Օսկան Քոչարյան
Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ բացահայտումների շարքեր է մատուցում և դրանցից գլխավոր այն դեմքերն են, ովքեր պատրաստվում են որոշիչ դերակատարում ունենալ «Միասնական Արմենիա» կոչվող շարժման շրջանակներում: Հիմա էլ հայտնի է դարձել, որ նրանց հետ է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը:
Քիչ է ասել, թե Փայտյանը նրանց հետ է: Տպավորություն կա, որ վերջինս պատրաստվում է հանդես գալ իբրև այդ շարժման գաղափարական հայր և գլխավոր քարոզիչ: Ճիշտ է, մի փոքր դժվար է բազում սկանդալային պատմություններով հայտնի, բանակին գոմեշի մսով կերակրած, խոցելի վարկ ունեցող նախկին զինվորականին տեսնել բարոյական արժեքներ տարածողի դերում, բայց մենք դրանից ավելի վատ բաներ ենք տեսել, իսկ Արշալույս Փայտյանն էլ իր հերթին չի խորշում հանրությանը ներկայանալ նոր լուսապսակով: Եվ հենց նա էլ ստանձնել է «Միասնական Արմենիայի» գաղափարական հենքը շարադրելու պատվավոր գործը:
Ահա թե ինչ է գրել Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում «Միասնական Արմենիա»-ի գաղափարական ուղենիշ-ծրագիրը ոչ միայն ազգային է, այլ համամարդկային: Ազգայինը տեղավորվել է համամարդկայինի մեջ, համատեղվել է հայ տեսակի գենետիկ հատկություններն ու կարողությունները: Կամոքն աստծո ու սուրբ պատվիրանների ոգով առաջնորդվելը նշանակում է լինել անբիծ, բացարձակ ճշմարիտ: Դա այն է, ինչ այսօր պետք է աշխարհում առաջինը խաչակնքման իրավունք ստացած, աշխարհով մեկ ցիրուցան եղած մեր ժողովրդին, և դա է առաջարկում «Միասնական Արմենիան»:
Այս բոլորը մենք արդեն ինչ-որ տեղ լսել ենք: Ազգի բացառիկություն, գենետիկ ամբողջություն, ցեղային և կրոնական հատկանիշների սինթեզ, աստվածաշնչյան պատվիրաններ, քրիստոնեական բարոյախոսություն և իբրև դրանց հանրագումար՝ միասնությունը որպես նպատակների իրագործման առհավատչյա: Ավելի գեղեցիկ չես ասի: Եվ ավելի անիրատեսական չես ասի, այն էլ մեր օրերում, երբ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ է բերում, իսկ տեղում դոփողներին ընդհանրապես նետում է պատմության աղբանոցը:
Սակայն Փայտյանին ու մյուսներին այդ հեռանկարը չի կարող մտահոգել: Նրանց ուզածն այն չէ, ինչ ասում են, այլ այն, ինչի մասին լռում են: Եվ քանի որ լռության մատնված մտքերը նույնքան գեղեցիկ չեն, որքան հնչեցրածները, իսկ գեղագետ Փայտյանն ու նրա ընկերները հակված են հարազատ մնալ էսթետիկ առավելությանը, ապա մնում է լուծել ամենաբարդ խնդիրը՝ «Միասնական Արմենիայի» լայն գաղափարները տեղադրել այնպիսի մի նեղ տարածքում, ինչպիսին իրենց մտահորիզոնն ու բարոյական նկարագիրն է:
Ու քանի որ բնության բոլոր օրենքներով դա անհնար զբաղմունք է, ուրեմն շարժման նախաձեռնող խումբը ինչ-որ պահի կհանգի այն հետևությանը, որ ոչ թե մտքերն են կարևոր, այլ մարդիկ, ովքեր կրում են այդ մտքերը: Ու եթե մարդը վարկաբեկված ու արժեզուրկ է, նույնիսկ Ավետարանից քաղված ցիտատները նրան չեն փրկի: