Սերժ Սարգսյանի բլեֆը պայթեց
2016-11-04 12:43:00

Իրան-Հայաստան երկաթուղին չի կառուցվի. նման եզրակացության կարելի է գալ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններից: «Երկաթգիծը ծախսատար է, որոշակի առումով ունենք պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրն իրականացնելու համար։

Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետև Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից և իրեն անհրաժեշտ են միջոցներ, նախ՝ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»,- 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին, սակայն բավարար միջոցներ չունի։

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը Սերժ Սարգսյանի առանցքային խոստումներից մեկն է եղել, որը նա տվել էր դեռ իր պաշտոնավարման առաջին իսկ տարում: 2008 թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում նա հանդես էր եկել ուղերձով և խոսելով ապագայի ծրագրերի մասին, երեք կետ էր մատնանշել: Դրանցից մեկն էլ հենց երկաթուղու կառուցումն էր. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան- Հայաստան երկաթուղի կառուցվել»,- հայտարարել էր նա՝ հավելելով,- «Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ` կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:

Արդեն 2009թ. ՀՀ-ի և ԻԻՀ կառավարությունների միջև ստորագրվել էր երկաթուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Այս երկաթուղու կառուցման ծրագիրը մշտապես ամրագրված է եղել կառավարության և 2012, և 2013, և 2014 թ. ծրագրերում:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է բազմիցս խոսել է այդ երկաթուղու կառուցման մասին:

Մի քանի մեջբերում Ս.Սարգսյանի հայտարարություններից: 2010 թ. օգոստոսի 31-ին նա ասել էր. «Հայաստանը ցանկանում է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, այստեղ բավականին աշխատանք կատարված է, և մեր երկրի համար այս չափազանց կարևոր ծրագիրն իրականացնելու ենք»:

2015 թ. հուլիսին Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին խոսել էր այդ ծրագրից: Նա կարևորել էր այդ ձևաչափով համագործակցող երկրների միջև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն ու ասել. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:

Էլ չենք ասում այն մասին, որ այդ ծրագրի մասին պարբերաբար խոսել են այդ ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որ տարեսկզբին այցելել էր Իրան, և այս հարցը քննարկել հարևան երկրի պաշտոնյաների հետ:

Հիմա 8 տարի անց պարզվում է, որ այս ծրագրի համար պարզապես «փող չկա», և կարծես՝ ի սկզբանե չի էլ եղել: Պարզապես սա մեծ բլեֆ էր, որի վրա Սերժ Սարգսյանը տևական ժամանակ խաղում էր ու հույսեր էր տալիս: Ուրիշ ոչինչ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

newsline.am

Այս նյութը դիտել են - 2314 անգամ