Հիշեցնենք Հարություն Գրիգորյանը սպանվել է 2014 թվականի հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի վարչական տարածքում: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր եւ հրազենային 4 վնասվածք` որովայնի, թիկունքի եւ ձեռքի հատվածներում: Սպանության մեջ մեղադրվում է 38-ամյա Արման Կատունյանը:
Այսօրվա դատական նիստին տուժող կողմը բացակայում էր: Ներկա չէր նաեւ Վարդեւան Գրիգորյանը:
Ամբաստանյալ Արման Կատունյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով:
«Դիտավորություն չեմ ունեցել: Զղջում եմ արարքիս համար»,- հակիրճ ասաց Կատունյանը:
Այնուհետեւ, դատական նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը կարդաց դատարանի վճիռը:
«Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360, 361, 365, 366-րդ հոդվածներով, վճռեց Արման Կատունյանին «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ ճանաչելով վերջինիս անմեղությունը:
Ա. Կատունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ 6 ամիս ժամկետով…Վերջնական պատիժ նշանակել 2 տարի 7 ամիս 12 օր ժամկետով»,- ասաց Վարդան Գրիգորյանը:
Դատարանի վճիռն Արման Կատունյանի պաշտպանները սահմանված կարգով բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:
Դատարանը պատժի հարցում գտնվեց կողմնակալ: Չկա Կատունյանի պատիժը ծանրացնող որեւէ հանգամանք: Դատարանի կողմից նշանակած պատիժը տրամաբանական չէր: Պետք է արդարացվեր նաեւ փամփուշտ պահելու մասով»,-ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի եւ հարևանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջեւ արտաամուսնական հարաբերությունները պարզելու նպատակով, իր ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Այստեղ Կատունյանը հանդիպել է Հարություն Գրիգորյանին և, ըստ մեղադրական եզրակացության, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով, յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան: