Տնօրենն ունի լիազորություն, իրեն տալիս է աշխատավարձ, սա կանոնակարգի խախտո՞ւմ է. Բ. Ենգիբարյանը Վերահսկիչ պալատի բացահայտման մասին
2016-11-04 18:13:00
Փոխառություն տալը «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի խախտում չէ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի այն բացահայտումներին, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հենց իր՝ քաղաքացի Բագրատ Ենգիբարյանի հետ Հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ: 
«Պարզ իրավաբանական խնդիր է: Տնօրենն ունի լիազորություն, իրեն տալիս է աշխատավարձ, հոնորար, հիմա սա կանոնակարգի խախտո՞ւմ է: Մեր մոտ ավելին է արվել, այդ պայմանագիրը տնօրենը չի ստորագրել, լիազորել է իր աշխատակցին, որ ստորագրի: Մենք ավելին ենք արել՝ ոչ թե տնօրենն է ստորագրել, այլ՝ նրա լիազորած անձը»,-ասաց նա։
Հարցին, թե չնայած աշխատավարձ ստանալը և նման հարցերը չեն կարգավորվում «Հիմնադրամների մասին» օրենքով, և բացի այդ, եթե Ենգիբարյանը դիտարկում է, որ կարող էր տնօրենն էլ ստորագրել, ապա ինչո՞ւ է լիազորել, որ աշխատակիցները ստորագրեն, նա պատասխանեց. «Քանի որ վերադարձի խնդիր կար, և կարող է տնօրենն այդ ժամանակ տնօրեն չաշխատել։ Բայց ինչ արվել է, դա մեր աշխատանքային փաթեթի մաս է կազմում»:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ այդ գումարները պետական կամ դոնորային գումարներ չեն, դրանք իրենց եկամուտներն են, որից շահույթ են ստանում, իսկ այդ գումարները տրամադրվում են նրանց, ովքեր ինչ-որ խնդիր ունեն լուծելու:
Հարցին, թե Վերահսկիչ պալատը համարում է, որ կանոնակարգի խախտում կա, իրենց կողմից ի՞նչ է արվելու, Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ առարկություններ են ներկայացրել Կառավարությանը, որոնք կքննարկվեն:
Նշենք, որ Վերահսկիչ պալատը պարզել է, որ 2014թ. սեպտեմբերի 1-ին կնքված փոխառության պայմանագրով Հիմնադրամը 0% տոկոսադրույքով 9 միլիոն դրամ փոխառություն է տրամադրել քաղաքացի Բագրատ Ենգիբարյանին՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 27-ը մարման ժամկետով: Այնուհետ, նախ 2014թ. դեկտեմբերի 25-ին, ապա՝ 2015թ. մայիսի 21-ին փոխառության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ անփոփոխ է մնացել փոխառու գումարի տրամադրման պայմանը՝ 0% տոկոսադրույքը: Նշված 9 միլիոն դրամը հետագայում մարվել է երկու փուլով:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով պարզվել է, որ ավելի վաղ նույնպես փոխառու միջոցներ են տրամադրվել Բագրատ Ենգիբարյանին: Հետևաբար, «...խախտվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջն այն մասին, որ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների»:
tert.am
Այս նյութը դիտել են - 1736 անգամ