Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստան ժամանած սփյուռքահայերը հիմնական երկու խնդիր ունեն՝ աշխատանքի և բնակարանի։ Եթե կացարանի խնդիրը շուտ է լուծվում, ապա աշխատանքի տեղավորելու համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվում։ Ըստ նախարարի՝ այս հարցում միայն բյուջեից հատկացումները բավարար չեն, դրանք կյանքի կոչելու համար նախարարությանն աջակցություն են ցույց տալիս անհատներ և որոշ կազմակերպություններ։
«160 ընտանիք իրենց տան բանալիները բերել և հանձնել են մեզ, ուր մենք անվճար բնակեցնում ենք սիրիահայերին։ Նախարարությունը բազմիցս արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր է առաջարկել սփյուռքահայերին, մինչդեռ վերջիններս հրաժարվել են, որովհետև միշտ մտածել են, որ շուտով վերադառնալու են հայրենիք։ Եթե իրենք ընդունեին, որ այս դժվարությունները երկար էին տևելու, իրենք առաջին օրից իրենց գումարները շատ ավելի նպատակային կծախսեին։ Ես նրանց ասում էի՝ «տուրիստի նման ձեզ մի պահեք, գումարները խնայեք, որովհետև դուք երկար եք այստեղ մնալու»։ Չէին հավատում։ Իրենց թվում էր, որ լուծումները շատ արագ են լինելու»,- կշտանբանքով հայտարարել է նա։
Փաստորեն այն սիրիահայերը, ովքեր ժամանակին չեն լսել տիկին Հրանուշին, հիմա արդեն վստահաբար գլուխն առել են ձեռքերի մեջ և ափսոսում են, որ գեթ մի բնակարան ձեռք չեն բերել Հայաստանում: Արդեն 6-րդ տարին է, ինչ սիրիական կոնֆլիկտը չի ավարտվում և շատերն այս ընթացքում վարձով տան դիմաց մի տան իրական արժեք վճարել են: Այնպես, որ սա այն եզակի դեպքերից է, երբ տիկին Հրանուշի հետ լիովին պետք է համաձայնվել, բայց մասամբ: Ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ այսօր Սիրիայից Հայաստան են ժամանում մարդիկ, ովքեր կորցրել էին տուն- տեղ, բիզնես և մի կերպ, մահից մազապուրծ ապաստան գտնում հայրենիքում: Հայաստանում շատ ու շատ սիրիահայեր ոչ միայն տուն չունեն, այլև օրվա հաց:
Հրանուշ Հակոբյանն այն կարծիքին է, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերը հոգեպես ծանր վիճակում են: Մարդը, որը մեծ հարստություն է թողել Սիրիայում և եկել Հայաստան, չի կարող ընկճված չլինել, և անգամ Հյուսիսային պողոտայում ապրող սիրիահայը դժգոհ է։
«Աշխատանքներն այդպես շարված չեն: Մեկը պահակ է, մեկը ոսկեգործ է։ Պետք է մարդկանց օգնել, մեկ օրում այդ հարցերը չեն լուծվում: Ես էլ դիմում եմ ձեզ՝ լրատվական համայնքին: Մեկի ձեռքը բռնեք, գնացեք մի գործարարի մոտ աշխատանքի տեղավորեք: Դուք դրանով մեզ կօգնեք»,-լրագրողներին հորդորել է նախարարը և շարունակել,- «Մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչպես մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, սիրիահայն էլ չի կարող 100 տոկոսով լուծել իր խնդիրները: Մեր երկրում էլ դժվարություններ կան, որոնք մենք պետք է հաղթահարենք»:
Հարցին, թե շատ է խոսվում, որ շատ սիրիահայեր ցանկանում են Հայաստան գալ, սակայն չեն կարողանում, նախարարը պատասխանել է, որ նման խնդիր չկա. «Երբ ռումբն ընկնում է, այդ պահին բոլորը մտածում են գալու մասին, բայց հենց այդ դժվար պահը վերանում է, փոշմանում են, ասում են՝ մի քիչ էլ սպասենք, դեռ ժամանակ կա: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, գլխավոր հյուպատոսությունը, Ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը ունեն բոլոր հնարավորությունները տեղափոխելու մարդկանց, ովքեր չունեն գումարներ տեղափոխվելու համար: Ես նշված կառույցների ղեկավարների հետ խոսել եմ և խնդրել եմ օգնել այս կամ այն ընտանիքին, որը տեղափոխվելու համար ֆինանսական խնդիրներ կունենա: Նրանք ասել են՝ որևէ խնդիր չկա: Չկա որևէ մեկը, որ ցանկանում է Երևան հասնել և չի հասնում: Մենք այդ ճանապարհներն էլ ենք հստակեցրել, թե որտեղից պետք է գումարներ ստանան, ինչ քայլեր պետք է անեն, որպեսզի Երևան հասնեն: Դուք հանգիստ եղեք, բոլոր հարցերը կանոնակարգված են: Չկա մեկը, որ ցանկանա գալ Երևան ու չգա: Չկա նման բան»,- հավատացրել է Հակոբյանը:
Դիտարկմանը, թե այսինքն, պետությունը չի՞ հոգում սիրիահայերի տեղափոխման ծախսերը, Հրանուշ Հակոբյանը պատասխանել է, որ պետությունն էլ իր գումարներն է խնայում, որպեսզի նրանց ծախսերն արդեն Հայաստանում հոգա:
«Սա համազգային խնդիր է, սա մենակ պետության վրա թողնել հնարավոր չէ: Սրանով բոլորը պետք է զբաղվեն, և շատ համահայկական կազմակերպություններ ևս զբաղվում են այս հարցով, օգնում են: 2 տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցում էր պետությունը։ Այնուհետև Գյուլբենկյան հիմնարկության, բարեգործական միության հետ բանակցությունների արդյունքում նրանք էլ իրենց վրա բեռ վերցրին: Այսօր պետության և այդ երկու կառույցների շնորհիվ սիրիահայ ուսանողները սովորում են անվճար: Հիմա դուք դե՞մ եք, որպեսզի մեզ օգնեն, անպայման բյուջե՞ն պետք է տա»:
Իհարկե, սիրիահայերի խնդիրն ամբողջությամբ պետությունն իր վրա վերցնել չի կարող: Բայց պետությունը կարող է և պարտավոր է կազմակերպել սիրահայերի խնդիրների լուծումը և հայրենիքում նրանց բնակեցումը: Օրինակ սիրահայերին իրենց ցանկությամբ կարող են տրվել անվճար տարածքներ՝ անտոկոս վարկեր կամ դրամաշնորհներ՝ բիզնես հիմնելու համար: Պետք է հասկանալ մի բան, որ սա բացառիկ վիճակ է, երբ հայրենիք վերադարձած հայերը կարող են վերջնականապես տեղավորվել մեզ մոտ և դառնալ ՀՀ քաղաքացի՝ խախտելով արտագաղթի արատավոր միտումը և ժողովրդագրության բացասական պատկերը:
Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4678 անգամ