Ճշմարիտ դիտարկում է, որ շրջապատն ազդեցություն է թողնում անհատի վրա: Այսինքն՝ մարդն ինչ տեսնում՝ այն էլ սովորում է: Եվ եթե Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անցել է վիրավորանքների լեզվին, մեղավորը միայն նա չէ: Ով վերջին շրջանում հետևել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքին, նրա կողմից գործածված բառապաշարին, անմիջապես կնկատի, թե շեֆն ինչ ազդեցություն է թողել իր անմիջական ենթակայի վրա: Այդ իսկ պատճառով էլ, երբ լրագրողները որոշեցին Արեյանի հետ զրուցել Երևանի հին շենքերի, մասնավորապես Առաջին տպարանի շենքի ոչնչացման մասին և այնտեղ տեսնել քաղաքապետարանի մեղքը, պիտի ենթադրեին, թե ինչ պատասխան է լինելու:
Հարցին, թե որքան է քաղաքապետարանի մեղքի բաժինը և քաղաքապետարանը տպարանի շենքի քանդման թույլտվություն տալու համար պատասխանատվություն չպիտի՞ կրի, Կամո Արեյանն այսպես է արձագանքել. «Ոչ, պատասխանում եմ, ոչ: Ով քաղաքապետարանին կմեղադրի էդ հարցով, գլուխը պատով կտա»:
Անշուշտ, գռեհիկ է հնչում: Սա պաշտոնյային վայել արձագանք չէ: Բայց մյուս կողմից էլ հարկ է Արեյանին հիշեցնել, որ մեղադրողներից առաջինը երկրի վարչապետ Կարեն Կարապետյանն էր, ով ոչ միայն դրա մասին բարձրաձայնեց, այլև հրահանգեց խստագույնս պատժել թերացողներին և օրենքը շրջանցողներին: Հիմա այնպես է ստացվում, որ Արեյանը նաև վարչապետի գլուխն է ուզում պատով տալ: Տեսնես վարչապետն այդ մասին ի՞նչ կարծիքի է: