Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը2016-11-05 17:22:00
Օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը մի տհաճ արտահայտություն թույլ տվեց իրեն, ինչն անմիջապես հարուցեց հասարակության բուռն դժգոհությունը: Երբ նախարարին հարցրել էին, թե ինչ է մտածում նորածինների մահացության դեպքերի մասին, նա պատասխանել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը»:
Մարդիկ այս խոսքերը գնահատեցին ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ, այլև անմարդկային: Բանը հասավ նրան, որ այսօր լրագրողները դրա մասին հարցրեցին նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետի պաստասխանը շատ անսպասելի էր. «Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել...»,- հայտարարեց Կարապետյանը:
Տպավորիչ արձագանք է, նույնիսկ շատ տեղին ու ազնիվ: Վաղուց մենք չէինք լսել նման գնահատական, որ մեր պաշտոնյաները կտային իրենց ենթականերին: Սովորաբար կրծքով պաշտպանում են, զանազան մտացածին արդարացումներ են գտնում կամ, ծայրահեղ դեպքում, ասում են, թե ճիշտ չի հասկացվել:
Սակայն վարչապետի խոսքերի մեջ կա նա մտահոգիչ նրբերանգ: Խոստովանությունը, թե նա մինչ այդ չի ճանաչել Լևոն Ալթունյանին, մղում է այն կասկածներին, որ վարչապետը գուցե էլի՞ շատերին չի ճանաչել, սակայն իր թիմում է ընդգրկել մակերեսային ծանոթության ազդեցության ներքո: Եվ եթե վաղը դարձյալ ինչ-որ մեկը իրեն որևէ տգեղ արարք թույլ տա, այդ դեպքում ո՞րն է լինելու Կարեն Կարապետյանի հաջորդ քայլը:
Հետգրություն
Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավի Արկադ) «Սլավմեդ» հիվանդանոցում բժիշկների օգնությամբ երկու ամսում կյանքից հեռացան վեցը ծննդկան և նորածին: Հայտնի է, որ վեց թիվը մեկ-երկուսից մեծ է: Միգուցե նախարարը զբաղվի այս հարցո՞վ:
shame.am
Այս նյութը դիտել են - 4631 անգամ