ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սովորություն ունի իր բոլոր անհաջողությունների համար մեղավորներ փնտրել:
Դա Հայրիկյանի մոտ հրաշալի է ստացվում:Հիմա էլ հենց ԱԻՄ-ի կողմից առաջարկվող Ժողովրդավարական դաշինքի ձախողումն է, որ նրան զայրացրել է, քանի որ մինչ այս պահը քաղաքական դաշտից միանալու որևէ առաջարկ նրան չի եղել:
Ոչ ոք չի ուզում գլուխ դնել Հայրիկյանի հետ: Ու քանի որ փաստը ցավալի և աղաղակող է, ԱԻՄ առաջնորդն էլ որոշել է ավելի բարձր աղաղակել և հարձակվել է ՀՀԿ-ի, ավելի ճիշտ՝ նոր կառավարության վրա: Նա հայտարարում է, որ գործադիրի բոլոր քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, որ Հանրապետականը խոստովանել է իր կադրային սնանկությունը, որ նոր վարչապետը գաղափարական ուժի ներկայացուցիչ չէ և նմանատիպ մտքեր:
Սակայն Հայրիկյանի ամենաապշեցուցիչ կարծիքը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս առիթով նա ասել է. «Ձեզ ո՞վ էր իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել, ո՞ր գործի համար եք իրեն քննադատում: Հովիկ Աբրահամյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ, բայց մարդուն նշանակել եք վարչապետ, հետն աշխատում եք, ու ոչ մի քննադատություն, ոչ մի սխալ քայլ: Հետո հանկարծ հեռացնում եք, ու պարզվում է, որ տնտեսությունն ահավոր վիճակում է: Այս արատավոր գործելակերպին պետք է վերջ տալ, ու վերջ տվողն իրենք չեն լինելու, այլ լինելու ենք մենք՝ մեր ժողովրդավարական դաշինքով»:
Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Տպավորությունն այնպիսին է, որ Հայրիկյանը պատրաստվում է երկիրը վերափոխել միայն այն բանի համար, որ Աբրահամյանի անունը անբասիր մնա: Բայց դրան կարելի էր հավատալ միայն այն ժամանակ, եթե չճանաչեինք Հայրիկյանին: Իսկ քանի որ հրաշալի ծանոթ ենք, ապա առանց ավելորդ ջանքերի կարելի է կռահել, որ Հայրիկյանը նույն ոգեշնչումով նույնիսկ Լիսկային կպաշտպանի, միայն թե փնովի նոր կառավարությանն ու իշխանություններին, քանի որ իր հռչակած Ժողովրդավարական դաշինքը դաշինք է սոսկ հակադրության մեջ: Իսկ թե ում և ինչու հակադրվել՝ դա արդեն երկրորդական հարց է: