Առաջնագծում զինվորների հետ հանդիպումներից հետո պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վարչապետները մամուլի ասուլիսով հանդես եկան: Կարեն Կարապետյանը խոստովանեց՝ տեսածը ոգևորիչ ու պարտավորեցնող է: «Տեսել ենք կամքը, «դուխը», համեստությունը նրանց»,- զինվորների մասին խոսելով ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը, իսկ արդյոք նկատել է, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե չի նկատել, բայց լսել է դրա մասին:
Վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմից հետո կատարված հսկայածավալ աշխատանքին: Նա հիշեցրեց, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, բացվել հաշվեհամար և հավաքված գումարի մասին մանրամասն հաշվետվություն է ներկայացվում։
Վարչապետն ասաց, թե այսօր սահմանն ավելի համալրված է սարքավորումներով, ինժեներական աշխատանք է կատարվել. «Պատրաստվում ենք 17 ևս մեծ մասնակցություն ունենալ մարտունակությունը բարձրացնելու համար»։
Այս նյութը դիտել են - 6424 անգամ