Որպեսզի պատկերացնես, թե ինչ վիճակ է տիրում մարզերում, գյուղերում, նայիր քաղաքին:
Իսկ Երևանում մուրացկանները շատացել են: Իսկապես շատ-շատ են: Հե՛նց կենտրոնական հատվածներում:
Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու մոտ միշտ կանգնած կլարնետ նվագողին գիտեք:
Ամառ-ձմեռ, շոգին, ցրտին, միշտ «տեղում» է ու կլարնետ նվագել էլ չգիտի, անկապ «զռզռոցներ» է արձակում:
Անցա կողքով, մտածեցի մի քանի դրամ գցեմ գետնին դրած նրա «պորտֆելի» մեջ: Գցեցի: Նա դադարեցրեց իր «վիրտուոզ» կատարումնըև ասաց.
-Աստված օրհնի ձեզ:
Քայլեցի առաջ ու ինքս ինձ հետ «խոսում» եմ՝ լավ, այս մարդը անհիշելի ժամանակներից այստեղ է, Մայր Աթոռին պատկանող Կաթողիկեի կողքին կլարնետով մուրացկանություն է անում: Հայոց եկեղեցու ոչ մի սպասավոր չի տեսնո՞ւմ նրան. տանի, մի քիչ հոգևոր սնունդ տա, գուրգուրի իր հոտի անդամին:
Մի քիչ քայլեցի վեր, տեսնեմ Կարա-Բալայի նման մեկը էլի ձեռքը պարզել է: Նրանից մի քանի քայլ այն կողմ էլ գզգզված մազերով, ահավոր կերպարանքով մի կին է կանգնել ու դարձյալ մուրում է: Դիմացի մայթին կրկին մի քանի մետր հեռավորությամբ մուրացկանները անցորդների դեմքից են կախված:
Մեկ էլ տեսնեմ մի ոստիկան էս գզգզված մազերով կնոջն է «կալմեջ» արել ու ինչ-որ բաներ է ասում.
- Վա՜յ, չէ, մորս անուշ գերեզման, փող չեմ հավաքում, ցավդ տանեմ,- աղաչանքով համոզում է ոստիկանին այդ կինը:
Մոտեցա, հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել:
Ինձ տեսնելով ոստիկանը անհայտացավ: Ու այդ կինը սկսեց բողոքել.
- Ախր, էն մարդը ընդե կանգնած ա, փող ա հավաքում, էն մյուսը.. էս սաղ փողոցը մեր նման լիքը մարդ-կնիկ-ընտանիք կանգնած հավաքում են, էս մլիցեն էլ մենակ էկավ ու ինձ տեսավ...Է՛ հա՛...ես էլ թողեմ ստուց ռադս քաշեմ, բա ո՞նց ապրեմ, քուր ջան...Լավ ա, մոտիկացար, յախես ազատեցի էդ մլիցուց,- բողոքեց կինը:Եկա տուն, լրատվամիջոցները նայեցի ու տեսա ՀՀԿ-ի 80 հազարանոց «Մատյան գունդը»...Հանրապետական զեխավիկանման կնանիք իրենց առաջնորդին էին ծափահարում, իսկ փողոցներում «հայվանները», որոնք բիզնես չունեն՝ փող են մուրում...