Հայաստանի զինված ուժերն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում բոլոր տեսակի մարտահրավերներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության հայտարարությանն այն մասին, որ մոտակա օրերին անհրաժեշտ է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ կապված Ադրբեջանում անցկացվելիք խոշոր զորավարժությունների հետ:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու: