Սա ամոթալի խայտառակություն է
2016-11-07 09:38:00

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, համաձայն որի նախորդ՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոխվել։

Չգիտեմ, գուցե այս իշխանություններն այդ փաստը համարեն ՀՀԿ-ի հմուտ կառավարման հաջողություն, չէ՞ որ աղքատությունը չի ավելացել, բայց առողջ մտածող բոլոր մարդիկ հասկանում են, որ պարզապես աղետ է։

Սա ամոթալի խայտառակություն է։ Հայաստանի բնակչության գրեթե 30 տոկոսն ապրում է ամսեկան 41 հազար 698 դրամից պակաս գումարով։ Սա գրեթե 1 մլն մարդ է, որոնցից 310 հազարը՝ ծայրահեղ աղքատներ են։

Սա զուտ թվեր չեն, այլ մարդկային խեղված հարյուր հազարավոր ճակատագրեր։ Ես չգիտեմ՝ ով է որոշել այս 41 հազար 698 դրամը, որ դրանից ավելին վաստակողնէլ այլևս աղքատ չի համարվում, բայց հետաքրքիր է, իսկ որքա՞ն մարդ է Հայաստանում ապրում ամսեկան, օրինակ, 42 հազար դրամով։ ԱՎԾ-ն նրանց այլևս աղքատ չի համարում, չնայած նրանք «աղքատից» 302 դրամ են ավել ծախսում։ Իսկ, օրինակ, 50 կամ 60 հազար դրամ ծախսողնե՞րը։

Սրանք պայմանական թվեր են, չգիտեմ, ինչ հաշվարկներից վերցրած․ իրականում աղքատության մակարդակը Հայաստանում շատ ավելի բարձր է, քան ԱՎԾ-ի ներկայացված զեկույցում։

Եվ ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում լուծել այս խնդիրը։

Նույն այդ զեկույցում ասվում է, որ աղքատությունը հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է լրացուցիչ 71 մլրդ դրամ՝ սոցիալական ծախսերն այդ չափով ավելացնելու համար։ Սա շատ արատավոր ու վտանգավոր մոտեցում է։ Չի կարելի առանց բարիք ստեղծելու ավելացնել սոցիալական ծախսերը՝ դա անխուսափելիորեն բերելու է ինֆլյացիայի, գնաճի։ Արդյունքում թվային առումով անապահով խավի եկամուտները նպաստի հաշվին կավելանան, սակայն իրական աճ չի լինի, քանի որ սպառողական զամբյուղը կթանկանա։

Աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է տնտեսական զարգացման հայեցակարգ, զարգացման կոնկրետ ծրագրեր։ Միայն տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը և աշխատավարձերի բարձրացումը կարող է իրական արդյունք ապահովել։

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1264 անգամ