Միայն ա՛յդ դեպքում կարելի է հավատալ Կարեն Կարապետյանին
2016-11-07 12:24:00

Կարեն Կարապետյանը նշանակվելուց ի վեր փորձում է ստեղծել տպավորություն, որ իր հետ բերել է դրական փոփոխություններ, որ երկրում այլևս նախկին իրավիճակը չի տիրելու: 

 Այս ընթացքում Կարեն Կարապետյանն իսկապես կարողացել է անել այնպես, որ հանրության մեծ զանգված հավատում է հնարավոր փոփոխություններին:

Շատերը հավատում են, որ Կարեն Կարապետյանը այն անձն է, որ պետք է բոլոր օլիգարխներին և պետության փողերը գողացող պաշտոնյաներին իր տեղը ցույց կտա:  Սակայն այս ամենը դառնում է ֆարս, երբ հասկանում ես, որ այս ամենի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը քրեաօլիգարխիկ իշխանական բուրգի գլուխն է և դժվար է պատկերացնել, որ նրա ղեկավարման ընթացքում հնարավոր կլինի քանդել այդ բուրգը:

Իհարկե բուրգում փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Լֆիկ Սամոյի փոխարեն կարող է օլիգարխ պատգամավոր դառնալ Նասկի Գագոն: Սա նշանակում է, որ բուրգի քարերն են փոխվում և ոչ թե քանդվում են: Իսկ մենք գիտենք, որ նման փոփոխություններով բուրգ չես քանդի:

Եթե փոփոխությունները  ֆարս չեն, եթե Ռուսաստանում իր բարձր աշխատավարձով աշխատանքը թողած Կարեն Կարապետյանը համոզի մեզ, որ պայքարում է կոռումպացված և նեխած համակարգի դեմ, ապա պետք է հեռացնի իշխանության գլխից Սերժ Սարգսյանին:  Միայն այդ դեպքում կարելի է հավատալ, որ նա եկել է հանրության կյանքը փոխելու և ոչ թե ՀՀԿ-ին, ընտրություններից առաջ ձայներ ապահովելու համար:

Անի Ասլանյան

politik.am

Այս նյութը դիտել են - 2446 անգամ