Պարոն վարչապետ, լրատվամիջոցների միջև ջոկողություն եք անում...
2016-11-08 00:45:00
Սովորել կարելի է միշտ եւ ամեն մեկից, անգամ` Պուտինից: 
Մարդն, օրինակ, տարին, եթե ճիշտ եմ հիշում, երկու, իսկ որոշ առիթների դեպքում` երեք անգամ մեծ ասուլիս է տալիս, որոնց ընթացքում բոլորը երկրի նախագահին հարց տալու հնարավորություն են ունենում: 
Ճիշտ է, բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլորն են կարողանում Պուտինին հարց տալ, բայց կարեւորն այս պարագայում դա չէ, այլ այն, որ Պուտինի ասուլիսի ժամանակ չկա ռուսաստանյան որեւէ լրատվամիջոց, որ հրավիրված չլինի կամ հարց տալու իրավունք չունենա:
Մեր երկրում, ինչպես գիտենք, մեծ ասուլիս կոչվածը մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպումն է, ընդ որում` այդ մի քանի լրատվամիջոցներն անպայման հեռուստաընկերություններ են: Իսկ, օրինակ, թերթերը, կայքերը նախագահի կամ վարչապետի ասուլիսի մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ այն ավարտվել է, ավելի ճիշտ` երբ այն ավարտվել է, հեռուստաընկերություններն իրենց նյութերը պատրաստել, եթեր են հեռարձակել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ասում են, լիակատար ազատություն ունի եւ, կրկին ասում են, ոչ մի բանից չի վախենում, անգամ` գիշերները շատ ծանր տնտեսությունը զարգացնելուց, թվում էր, որ պետք է փոխի հայաստանյան այս սինդրոմը, որ պաշտոնյաները վախենում են շատ լրագրողների ներկայությունից:
Ավելին` երկար տարիներ աշխատելով Ռուսաստանում` Պուտինին շատ հարազատ «Գազպրոմ»-ում, Կարապետյանը պետք է, որ շատ բան սովորած լիներ Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից, օրինակ` այն, որ կարելի է շատ լրագրողների հետ հանդիպել, քանի որ միայն այդ պարագայում շատ լրատվամիջոցների կապացուցես, որ տիրապետում ես հարցերին եւ չես վախենում դրանց պատասխանելուց:
Բայց արդեն որերորդ դեպքն է` վարչապետ Կարապետյանը, ով մշտապես հայտարարել է, որ պետք է լրատվամիջոցների եւ ոչ միայն դրանց հետ բաց աշխատել, ցույց է տալիս, որ տվյալ հարցով ոչ թե ինքն է փոխելու իրավիճակը Հայաստանում, այլ հայաստանյան իրավիճակը փոխեց իրեն: Եթե հիշում եք` որոշ ժամանակ առաջ վարչապետն հյուրընկալեց 4, թե 5 հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, միայն այդքանին: Իսկ օրերս էլ, երբ Արցախում էր, նրան ուղեկցում էր երկու-երեք հեռուստաընկերություն եւ կայք: Մյուսներին չէին հրավիրել, մյուսներին չէին էլ տեղեկացրել, թե` գիտե՞ք, հարգելի՛գործընկերներ, վարչապետն ասուլիս է տալու կամ Արցախ է գնալու, բայց քանի որ ձեր հարցերը սարսափելի են, որոշում է կայացվել, որ հրավիրվելու են միայն նրանք, որոնց հարցերը սարսափելի չեն: Մյուսներն էլ չէին նեղանա, կհասկանային, ըմբռնումով կմոտենային, դե հիմա, ո՞վ կցանկանա սարսափել` առանց այդ էլ շատ ծանր տնտեսությունը զարգացնելու սարսափելի աշխատանքի պատասխանատվության տակ ընկած:
Ես չգիտեմ, թե ո՞վ է վարչապետ Կարապետյանին խորհուրդ տալիս` ասուլիս հրավիրելիս կամ տեղ գնալիս ում կանչել լրատվական դաշտից, բայց լավ խորհուրդներ չի տալիս:
Բանն այն է, որ եթե հրավիրվածներն իրենց նյութերում ցույց են տալիս, թե որ հարցին ինչպես է պատասխանում վարչապետը, ապա մյուսները, իսկ մյուսները մեծամասնություն են, ոչինչ էլ ցույց չեն տալիս վարչապետից` ստեղծելով հասարակական տպավորություն, որ հարցեր կան, որոնք վարչապետի համար սարսափելի են, անգամ` նրա համար, քանի որ, ինչպես տեսնում եք, նա խուսափել է մեզ հետ հանդիպելուց:

Հովիկ Աֆյան
yerkir.am
Այս նյութը դիտել են - 7751 անգամ