Պահանջն այսպիսին էր՝ հրապարակել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խոր և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը, որը վերաբերում է սակագնային կարգավորումներին:
Ավելորդ չէ հիշեցնել, որ նշված համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավելի՝ մինչև 2013 թվականի օգոստոս, և տապալվեցին Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին որոշման պատճառով: Այսինքն՝ խոսքը մի փաստաթղթի մասին է, որն այդպես էլ կյանքի չի կոչվել, ու թվում է, թե դրա հրապարակումն իրենից այլևս որևէ բարդություն չի ներկայացնում:
Բայց արի ու տես, որ ԱԳՆ-ն շարունակում է պնդել թե պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին: Մինչդեռ այդպես չի մտածել Վարչական դատարանը` բավարարելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը և պարտավորեցնելով ԱԳՆ-ին՝ հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները:
Ինչ-որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Օրենքն արտոնում է հրապարակայնությունը, իսկ ԱԳՆ-ն դեմ է դրան: Այդ դեպքում ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ է այդքան համառությամբ ուզում հանրության աչքից հեռու պահել մի բան, որն այս պահին ավելին չարժե, քան արխիվային թղթապանակը: Այնքան չի ցանկանում, որ նույնիսկ վարչական դատարանի վճիռն օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան:
Գուցե դրա հրապարակումը հարվածի տա՞կ է դնելու ոչ այնքան գաղտնիքը, որքան մեր արտաքին գերատեսչության ձախողումներից մեկի իրական պատճառները:
Այս մասին դժվար է դատել, քանի դեռ փաստեր չկան:
Փոխարենը հայտնի է, որ այժմ Հայաստանը Եվրոպական միության հետ բանակցություններ է վարում նոր համաձայնագրի վերբերյալ: Ընդ որում, հիմա դրանք արդեն չեն վերաբերում սակագնային կարգավորումներին: Եվ ուրեմն առավել քան պատճառ պիտի չլինի այդ տապալված համաձայնագրի դրույթները հրապարակելու համար:
Սակայն Նալբանդյանը շարունակում է դիմադրել: