ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեկնարկած նախագահական քարոզարշավների ժամանակ աչքի չընկավ որևէ տեսակ մասնակցությամբ, և զերծ մնաց ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ ցանկացած դիրքորոշումից:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նմանօրինակ քաղաքականության հետ կապված. «Կարծում եմ՝ սխալ արեցին, որ չեզոքություն պահպանեցին, կարևոր գործոններ կան, որոնց համար պետք է մասնակցեին:
Հանրապետական թեկնածու Քլինթոնը մեզ՝ հայերիս, համար ձեռնտու տարբերակ էր, նախ Ռուսաստանը զսպելու իր տրամադրությամբ և հետո կհավասարակշռեր համաշխարհային ներկապնակը: Մենք մի տեսակ ազգային ճգնաժամ ենք ապրում. չենք կողմնորոշվում, ակտիվություն չենք ցուցաբերում մինչդեռ պետք է լիներ հակառակը. Ռուսաստանը պետք է տեսներ սփյուռքի ակտիվ մասնակցություն: Ըստ իս՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի այդ պահվածքը հայաստանյան տրամադրությունների ազդեցության հետևանք էր, որը շատ վատ է»:
Խոսելով արդեն ԱՄՆ նախագահ դարձած Թրամփից հայերիս ակնկալիքների մասին՝ քաղաքագետը հավելեց, «Դոնալդ Թրամփից հայերիս համար որևէ դրական ակնկալիք չկա: Նա Ռուսաստանի հետ երկխոսության է տրամադրված, բացի այդ Ադրբեջանի նավթայի ընկերությունների հետ առնչություններ ունի և կարող է Թուրքիայի ակտիվացում թույլ տալ. հայ դատին դա՞ է ձեռք տալիս: Ցեղասպանության ճանաչման հարցում էլ որևէ բան չեն անելու: Խոսք են տալիս, բայց, միևնույնն է, չեն անում: Ցեղասպանության ճանաչումը սոսկ գենոցիդ բառը չէ. դա նաև ենթադրում է Հայաստանի և Արցախի անվտանգություն: Եվ հարցի այս լայն սպեկտորը դիտարկելով պետք է ակտիվ մասնակցություն ունենային հայերը ԱՄՆ նախագահի ընտրության հարցում: Մեզ պետք էր, որ Ռուսաստանը տեսներ՝ հայ ժողովուրդը ամբողջ ազգով կարող է կազմակերպվել, բայց տեսավ, որ ոչինչ էլ չենք կարողանում անել»: