Նորանշանակ ՊՆ Վիգեն Սարգսյանը բանակի հետ իր կապ չունենալը տքնում է փոխհատուցել նորանոր «գաղափարներով», որոնցից ոչ մեկն առայժմ իրենը չէ: Օրինակ, ազգ-պետություն-բանակ եռամիասնությունը, որը կյանքի կոչելու համար նա պահանջում է բոլորից 1000- ական դրամ ամսական «ազգային տուրք» հավաքել: Կարելի է կարծել, թե հենց դա արեցին՝ տեղում Իսրայել ենք դառնում: Էստեղ են ասել՝ «Федот, да не тот»:
Բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը 1000 դրամը չի, այլ այն, որ պետությունը մուրացկանի կարգավիճակի են հասցրել:
Հիմա՝ մի քանի միլիոնանոց գաղափարներ Վիգեն Սարգսյանին, որոնք անհրաժեշտ են նախքան 1000 դրամանոց արշավը:
Առաջինը՝ պարոն նախարար, «վիճակախաղով շահած ձեր գումարները» նվիրաբերեք որպես փրկագին՝ հայոց բանակում չծառայելու դիմաց:
Երկրորդը՝ ինչ իմաստ ունի 1000- 1000 հավաքել, երբ կարելի է մի քանի հոգու թեթևակի թափ տալ և առնվազն մի քանի տարով բանակն ամեն ինչով ապահովել:
Եթե չգիտեք, սիրով կհուշենք անունները՝ կարելի է սկսել զինվորի հաշվին ձեռք բերված «դոկտոր Ռուզիկի» զգեստապահարանը և արդուզարդը աճուրդի հանելուց, չմոռանալով , իհարկե, առանձնատներն ու մեքենաները, ինչու ոչ՝ նաև արտերկրյա բիզնեսներին հասնել. դրանցով արդեն հայոց բանակը կզինվի գերժամանակակից զենքերով: Միաժամանակ պետք է բանակից թալանածը հետ բերել «մատրյոշկա» հիշեցնող Յուրա Խաչատուրովից, Հայկազ Բաղմանյանից, Մովսես Հակոբյանից, ընդհանրապես լավ թափ տալ գեներալիտետին:
Բայց պետք չէ սահմանափակվել միայն բանակով և թերագնահատել մյուսներին, դիցուք, տարբեր ճաշակի մուլտֆիլների հերոսներ հիշեցնող նախկին և ներկա վարչապետներին:
Կամ «համբալությամբ» հարստացածներին, ինչպես, օրինակ, Վարդան Այվազյանին. նա, իհարկե, կասի, թե Վրաստանի կազինոներում է գումարներ շահել… Եթե նրա ողջ շարժական և անշարժ գույքը գումարի վերածեն, կանխիկացնեն հաշիվները, կարելի կլինի վարձկաններից կազմված մի օժանդակ զորք էլ հավաքել ու մի օրում Կարսն ու Սարիղամիշը ազատագրել:
Բանակին ոչ թե ժողովրդից 1000- ական դրամ պահումներ են հարկավոր, այլ կարգին տեր, բռունցքով և կամքով, ուժեղ տեր: Որը ամենավառ երևակայության դեպքում անգամ անհնար է պատկերացնել Վիգեն Սարգսյանի դեմքով:
Մարգարիտ Սարգսյանի ՖԲ էջից