Խոհերս հանձնում եմ թղթին
2016-11-12 12:21:00
Ուզում եմ տպավորություններով կիսվել և խոհերս հանձնում եմ թղթին: 
 Աշնանային այդ գեղեցիկ օրը մասնակցում էի յուրատեսակ մի միջոցառման: Մարտակերտի կենտրոնական գրադարանում քննարկման էր դրված արձակագիր Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր » վիպակը: 
Մթնոլորտը տրամադրող էր, շուրջբոլորը՝ գունագեղ ու պայծառ:
 
 ...Ահա և միջոցառման «հերոսները»՝ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի գլխավորությամբ, ով կազմակերպել  էր այս  միջոցառումը: 

 Նրանց աչքերից հուր ու սեր էր ճառագում: Ոգևորությունը գագաթնակետին էր, դա փաստում էր նրանց յուրաքանչյուր խոսքն ու հայացքը: Պատանեկան սիրո դրաման, որ վիպակի առանցքում էր, մեկնաբանվեց յուրովի: Խմբերի բաժանված աշակերտները փորձում էին արդարացնել կամ մեղադրել  հերոսներին, առաջադրում իրավիճակի հարթեցման իրենց տարբերակները: 
Նրանց վառ ու բավականին հետաքրքրական տեսակետներն ու վերլուծությունները զարմանք էին առաջացրել մոտս: 
Մի՞թե հասունության շեմին դեռ ոտք չդրած դեռահասներն այսքան լավ էին հասկանում սիրո չբացահայտված առեղծվածը....և կարողանում են գրքի հետաքրքրաշարժ ծալքերից վեր հանած տեսակետները հասանելի դարձնել հանդիսատեսին: 
 Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր կազմակերպված, որ թվում էր՝ հեքիաթում էի: Լևոն Ադյան մարդ-անհատը այնքան էր հարազատացել, որ նրա ֆիզիկական բացակայությունը չէր զգացվում: Նրա «հերոսների» շուրթերով հնչած յուրաքանչյուր միտք մի պատկերավոր գոհար էր, իսկ աշնանային «ցրտերից» ոչ մի սառնություն «չփչեց», այլ այդ «ցրտերը» ջերմացրին բոլոր մասնակիցների հոգիները: 
 Ավարտելով խոսքս և դատելով բանավեճ- քննարկմանը ներկա մասնակիցների ջերմ ժպիտներից ու աշնանաբույր քողով պատված նրանց գոհունակ դեմքերից` վստահաբար կարող եմ փաստել, որ միջոցառումը ստացված էր, գրքի սիրո առեղծվածը՝ ինքնատիպորեն բացահայտված: 
                                                                                                     
Գոհար Մամունց 

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության 
հարցերի բաժնի երիտասարդության գծով գլխավոր մասնագետ                                                                                                                                                                     
Այս նյութը դիտել են - 4630 անգամ