Կացին ախպեր Տարոնը
2016-11-12 13:11:00

 

Երևանում ծառատունկ էր: Այս մասին տարածված լրատվության մեջ ուշադրություն գրավեց մի նախադասություն. «Ծառատնկմանը մասնակցում էին նաև բնակիչները»: Այս միտքն արդեն ամեն բան ասում է կազմակերպված միջոցառման մասին, որովհետև երբ քաղաքի բնակիչները գնահատվում են նախաձեռնության կցորդը և փաստացի անարձագանք են թողել ծառատունկ անելու հորդորները, ապա հասկանալի է, թե իրականում ինչ է ներկայացրել հիշյալ բնապահպանական ակցիան: 
Այսպես, նույն աղբյուրների հաղորդմամբ, մասսայական ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 10 հազար ծառ ու թուփ: 10 հազարը տպավորիչ թիվ է: Բայց ահա քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներին ասում է. «Վերջին ծառատունկն է, Երևան քաղաքում այսօր տնկվում է շուրջ 20 հազար ծառ»: Մի վայրկյանում տնկիների թիվը կրկնապատկած քաղաքապետը նույն հաջողությամբ կարող է գնալ աշխատավայր ու հաշվետվության մեջ էլ ավելի շատացնել դրանք՝ գրելով, թե իբր տնկեցին 30 հազարը, քանի որ, վերջին հաշվով, ամեն ծառը փող արժե, ինչո՞ւ այստեղ էլ չգրպանել մի կլորիկ գումար:
Բայց եկեք խոսենք ավելի մեծ բաներից: Տարոն Մարգարյանին այսօր ցույց տվեցին, թե ինչ բան է բահը, և նա դրանով տնկեց սոսի: Իսկ հետո տեղեկացրեց, որ վերջին տարիներին շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում: Այս մարդուն հավատալու դեպքում պիտի ստիպված լինենք նաև հավատալ, որ հիմա քաղաքը թաղված է անանցանելի անտառների մեջ, իսկ Հայաստանում Խոսրովի անտառից բացի կա նաև Տարոնի անտառ: Իսկ եթե հավատալու հիմքեր չկան, ապա պիտի նստենք ու հաշվենք, թե անցած տարիների ընթացքում քանի ծառ է կտրվել մայրաքաղաքում նույն քաղաքապետի գիտությամբ, և այդ ժամանակ մեր ծառ տնկող հերոսը կկոչվի ոչ թե քաղաքապետ, այլ Կացին ախպեր:
shame.am
Այս նյութը դիտել են - 6319 անգամ