Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի 1000 դրամին՝ 2 ամիսը մեկ , 5 դոլար.Վարդան Դևրիկյան
2016-11-14 15:08:00

Միտքը` 1000-ական դրամ տրամադրել մեր բանակին, շատ ոգևորող է. այսօր լրագրողներին ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Ըստ նրա` ոչ այս ձևով, բայց բանակի համար ինչ-որ բան միասին անելու գաղափարն իր մոտ առաջացել էր դեռ ապրիլյան դեպքերի ժամանակ, քանի որ նկատել էր, որ ճակատ մեկնողները մտազբաղ են, թե ինչ է լինելու ընտանիքների վիճակը, եթե իրենց մի բան պատահի:

«Յուրաքանչյուրը 1000 դրամ տալով` բարեգործության մակարդակն է նաև բարձրանում, վեհացվում, և, անկախ սոցիալական վիճակից, կարծում եմ, որ 1000 դրամը խորհրդանշական քայլ է, ելակետ:

Վաղուց էր քննարկվում ազգային տուրքի գաղափարը, և սա, կարծում եմ, հենց մեր ազգային տուրքը կլինի:

Բացի այդ`  Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի սրան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պետք է կոչով հանդես գա ու ասի, որ երկքաղաքացիություն ունեցողները 2 ամիսը մեկ 5 դոլար տան բանակի համար»,- ասաց Դևրիկյանը` հավելելով, որ ՀՀ անձնագիրը չպետք է զուտ աքսեսուար լինի:

Գրականագետն ասաց նաև, որ իրեն ցավ են պատճառել պարզունակ քննարկումներն այս հարցի շուրջ, և 1000 դրամները չպետք է առիթ լինեն` բանակին վատաբանելու: «Բացի այդ` իրավական առումով ոչ մի հակասական բան չկա դրա մեջ: Վաղը, մյուս օրը բոլորն էլ կհամոզվեն, որ դրա կարիքը կար»,- ասաց նա:

Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ հասարակությունն ուղղակի չի վստահում իշխանությանը և վստահ չէ, որ այդ գումարն ամբողջությամբ տեղ կհասնի զինվորների ընտանիքներին, Դևրիկյանը պատասխանեց, որ դա այլ հարց է, բայց վստահ է` դա այն գումարը չէ, որ կուտվի: «Անվերապահորեն պետք է տանք 1000 դրամները, քանի որ երկրի լավ օրից չէ նման որոշում կայացվել: Մենք սպասելու ժամանակ չունենք, որ մտածենք` եկեք սպասենք, թող իշխանության հանդեպ վստահությունը վերականգնվի և նոր միայն նման քայլի դիմենք»,- նշեց նա:

Դևրիկյանը նշեց նաև, որ այս կոնտեքստում պետք է կրճատենք նաև բանակին կամ այլ միջոցառումներին նվիրված օրերին ծախսվող գումարները:

yerkir.am

Այս նյութը դիտել են - 7138 անգամ