Ազգային ժողովում մեկնարկել է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու համար ստեղծվող հիմնադրամին յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ փոխանցելու վերաբերյալ նախագծի քննարկումը:
Նախագիծը ներկայացնելիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ այդ գումարները կուտակելու եւ զինծառայողների ընտանիքներին հատուցելու համար ստեղծվելու է հատուկ իրավաբանական կարգավիճակ ունեցող հիմնադրամ: Իսկ այդ 1000-ական դրամներից զատ գումարներ պետք է գոյանան հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերից եւ նվիրատվություններից: Հիմնադրամի ղեկավարումը հանձնվելու է մասնագիտացված կառավարչին:
Պաշտպանության նախարար խոսքերով, նախագծի ընդունման արդյունքում կներդրվի ապահովագրման եւ հատուցման հասարակության վստահությունը վայելող թափանցիկ համակարգ: Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ նախագծի վերաբերյալ անցած մի քանի օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին:
Հարց հնչեց, թե ինչու է նախագիծն այսքան հապճեպ բերվել ԱԺ եւ ինչու կառավարությունը չի ցանկանում հանրային եւ առավել ընդլայնված քննարկում ապահովելու ու 2017 թվականի բյուջեի քննարկումից հետո այն խորհրդարան ներկայացրել: Նախարարի խոսքերով, իրենք հիմա են այն բերել ԱԺ, քանի որ աշնանային նստաշրջանը մոտենում է ավարտին, իսկ եկող տարի արդեն նախընտրական գործընթացներն են սկսվելու ու հաջորդ անգամ, հավանաբար, մեկ տարի հետո արդեն հաջորդ գումարման ԱԺ-ն հնարավորություն կունենա անդրադառնալ այս հարցին:
«Եւ սա իմ առաջարկությունն է եղել, որ այս աշնանային նստաշրջանում սա քննարկենք»,- հավելեց Վիգեն Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է այդ նախաձեռնության շուրջ հանրային լայն քննարկում կազմակերպելուն, ապա նախարարի ներկայացմամբ, այսօր արդեն ինքն այս ուղղությամբ մի շարք հանդիպումներ ունի եւ կաշխատի մինչև երկրորդ և երրորդ ընթերցումները նախագծում ընդգրկել հանրությանը հուզող ինչ-որ փոփոխություններ:
Օրինակ, նախարարն ընդունելի համարեց այն առաջարկությունը, որ այդ 1000-ական դրամները չգանձվեն այսօր զինծառող ունեցող ընտանիքներից: Վիգեն Սարգսյանը հերքեց այն քննադատությունները, թե այս նախագծով ու հիմնադրամով իշխանությունները մտադիր են հանրությունից նախընտրական դիվիդենտներ ստանալ:
«Այս օրենքի բովանդակությունն այն չէ, որ թույլ տա ցանկացած կարծիք ունեցող պիտակավորի մյուսին: Սա նաեւ չի կարող ունենալ շահադիտական կամ միավորներ կուտակելու ձգտում: Այս նախագծով որեւէ քաղաքական դիվիդենտ չեմ փնտրել: Եթե բյուջեն ունենար համապատասխան հնարավորություն, մենք ընտրություններին ընդառաջ կանեինք պոպուլիստական քայլ եւ բյուջեի միջոցներից այն կվճարեինք: Բայց մեր բյուջեն այդ հնարավորությունը չի տալիս»,- հավելեց նա:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ թե´մամուլում ու սոցցանցերում և թե´ԱԺ դահլիճում հնչող այն քննադատություններին, որ նախ, ետ վերադարձրեք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թալանածը, այդ դեպքում արդեն ժողովրդից գումարներ հավաքելու անհրաժեշտություն չի առաջանա:
«Առաջարկում եմ անուն առ անուն թվարկել այն մարդկանց անունները, ովքեր ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: Եթե այդպիսիք կան, պետք է վերադարձնեն, բայց վերադարձնեն ոչ թե այդ հիմնադրամ, այլ բյուջե եւ պատասխանատվություն կրեն»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Այս նյութը դիտել են - 6490 անգամ