Համագումա՞ր, թե՞ նախատոնական ակցիա
2016-11-14 18:54:00
Նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: 
Այս պատասխանատու գործին լծված հանրապետականների մի մասը, սակայն, այնքան էլ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է: 
Նրանցից մի քանիսն արդեն շտապել են այդ առիթով ելույթներ ունենալ, պարզաբանումներ տալ կուսակցության գլխավոր հավաքի առանձնահատկությունների մասին, և գրեթե բոլորի ելույթներում կարմիր թելի պես անցնում է հետաքրքիր մի միտում:
Ոգևորված ՀՀԿ-ականները անընդմեջ շեշտում են այն հանգամանքը, որ սպասվում է շատ հետաքրքիր համագումար և որ դրա ժամանակ ներկաները ականատես կլինեն անսպասելի զարգացումների: Հիմա էլ այս նույն միտքը կրկնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ «Սպասենք մեր համագումարին: Կլինեն բազմաթիվ անակնկալներ, փոփոխություններ, նորություններ»,- ասում է նա:
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ-ականների համար իշխող կուսակցության առաջիկա համագումարը ոչ թե քաղաքական լուրջ միջոցառում է, որտեղ պիտի կայացվեն ծանրակշիռ ու բախտորոշ որոշումներ, այլ նախատոնական ակցիա, ինչպիսին լինում են զանազան սուպերմարկետներում՝ անակնկալներով, զեղչերով, բոնուսներով:
Ասենք ավելին, PR կարգի ուրախ հավաքույթ է, որտեղ շեշտադրումները կատարվելու են ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա և գերխնդիրը ներկաների վրա տպավորություն թողնելն է: Իսկ եթե մի փոքր էլ ընդարձակենք սպասվելիք համագումարի նկարագիրն ըստ ՀՀԿ-ականների, ապա արդյունքում այն պարզապես կնմանվի ՀՀԿ նախընտրական քարոզարշավի:
Դե, եթե հանրապետականներն իրենք են սկզբնապես ձևավորում այդպիսի վերաբերմունք, ապա հասարակությունից ինչպե՞ս պահանջել առավել լուրջ ընկալում:

shame.am

Այս նյութը դիտել են - 4740 անգամ