Ամեն օր Աստծուց խնդրում ենք, որ պատերազմ չլինի
2016-11-15 09:11:00
Նրանց մասին ես երբևէ չեմ գրել, նրանք մեր դպրոցի 5-րդ ա դասարանի աշակերտներն են: Այդ դասարանում ես լինում եմ շաբաթվա բոլոր օրերին և ամեն անգամ իմ բարևից հետո հարցնում եմ նրանց որպիսությունը: Ժպիտների անսահմանության մեջ միշտ էլ արձագանք է տալիս այն լավը, որ դառնում է իմ դասի մուտքն ազդարարող սկիզբ: Բայց այն օրը սահմանային լարվածությունը մտել էր նաև այդ դասարանը, իմ «ինչպե՞ս եք» հարցը մնաց օդում…Եվ շուտով այդ օրվա ծրագրային դասանյութը` հեքիաթի մասին, իր տեղը զիջեց մի իրական պատմության, որտեղ պատերազմի ահուսարսափ կա, այս փոքրիկների հոգիները սողոսկած անհանգստություն: Լռության մեջ նրանց գրիչները մեկ-երկու նախադասությամբ բարձրաձայնեցին ահեղադղորդ մի կոչ, որ ատում են պատերազմը և ուզում են անհոգ մանկություն:
«Ես ատում եմ պատերազմը, այն մարդկային կորուստներ է բերում, ցանկանում եմ Արցախ աշխարհիս խաղաղություն, թող կորչի պատերազմը» /Սարգսյան Արթուր/:
«Իմ հայրը զինծառայող է, նա ամիսներով, շաբաթներով տուն չի գալիս, մենք տանը շատ ենք մտահոգվում և ուզում ենք, որ պատերազմ չլինի, ու նա միշտ մեր կողքին լինի» /Ավանեսյան Կարեն/:
«Ապրիլին` պատերազմի ժամանակ, մի արկ ընկել էր և ավերել մեր տունը: Չգիտեմ` խնդա՞մ, թե լամ…Այդ օրերին ինչքա~ն էի ուզում վերադառնալ մեր տուն: Բայց ոչինչ, աղետը կշենացնենք, թող խաղաղ լինի երկինքը, որ էլ ոչ մի մայր զավակ չկորցնի» /Հարությունյան Արամ/:
«Ես պատերազմը տեսել եմ ֆիլմերում, հեռուստացույցով կամ ծնողներիս պատմածից եմ լսել: Եվ ատում եմ պատերազմը, որովհետև այնտեղ զինվորներ են զոհվում, քաղաքներ ու տներ ավերվում, երեխաներ սպանվում: Չեմ ուզում պատերազմի պատճառով մարդիկ լքեն իրենց հայրենի երկիրը և սփռվեն աշխարհով մեկ» /Գրիգորյան Արինա/:
«Հայրս զինվորական է, պատմել էր պատերազմի մասին, ու ես հասկացել եմ, որ պատերազմը խաղ չէ, այլ ինչ-որ սահման, որտեղ պետք է ընտրություն կատարես զինվորի ու հայրենիքի միջև» /Հայիրյան Սյուզաննա/:
«Շատ ցավալի է, որ այնքան մայրեր անքուն գիշերներ են անցկացրել, մեծացրել իրենց որդիներին, ուղարկել զինվորական ծառայության, իսկ նրանք զոհվել են` դեռևս կյանքի քաղցրությունը չտեսած» /Սարգսյան Անժելա/:
«Ես երբ փոքր էի, չգիտեի, թե ինչ է պատերազմը: Պատկերացնում էի, թե այն մի զվարճալի ուրախ խաղ է, երբեք չէի մտածում, որ դա չարիք է բոլորիս համար: Թշնամու արձակած գնդակը խփել էր մեր տանը, լավ է, որ տանը չենք եղել, դրա համար էլ ես ատում եմ պատերազմը» /Գյուրջյան Մանե/:
«Այլևս չեմ ուզում հեռանալ մեր քաղաքից, պատերազմը մեզ տեղահան է անում, և վտանգվում է բոլորիս կյանքը» /Ջավադյան Նարեկ/:
«Պատերազմը միայն վիշտ, ցավ ու կսկիծ է բերում: Թող այսուհետ լինի խաղաղություն, մեր մայրերն ու քույրերն այլևս չտխրեն ու չլացեն, թող ոչ մի մանուկ չորբանա, աշխարհի բոլոր մանուկներն ապրեն երջանիկ ու անհոգ» /Պողոսյան Լարիսա/:
«Պատերազմի ժամանակ երեխաներ են մնում անհայր, կանայք` միայնակ, մայրերը` որդիներ կորցրած: Թող կորչի պատերազմը, ես ատում եմ այն, կապույտ երկինք եմ ուզում, թող ոչ մեկը չհամարձակվի պղտորել այն» /Մելքումյան Էլինա/:
Միգուցե ես շատ փոքր եմ, շատ բան չեմ հասկանում պատերազմից, բայց գիտեմ, որ շատ ցավոտ է, երբ հեռանում ենք մեր հարազատ տնից: Ես ուզում եմ, որ ամեն զինվոր կատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ և առողջ վերադառնա իր ընտանիքը» /Գյուրջյան Աոնա/:
«Ամեն օր Աստծուց խնդրում ենք, որ պատերազմ չլինի, ու բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ» /Իսրայելյան Քրիստինե/:
Տողերը տպագիր շարեցի ցավալիորեն անհանգիստ մտորումներով` որպես անձնական ու անանձնական պահանջ-խնդրանք` ուղղված վերին բարձրյալին, որ բոլոր երեխաներն էլ խաղաղություն են ուզում: Սա այս փոքրիկների լիարժեք կյանքով ապրելու բուռն ցանկությունն էր, հուզական ապրումների արտահայտություն, որ դարձել էր բոլորիս համար խաղաղ ապրելու երազանք:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց
Այս նյութը դիտել են - 2748 անգամ