Լավ լուր Պանամայից։ Կամ ոչ այնքան լավ։ Մամուլը գրում է, որ տխրահռչակ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, կամ Բանանի Միհրանը, կամ Պանամացի Միհրանը, դե էն որ ԴԱՀԿ ծառայության պետն էր ու վարորդներից փող էր քամում, լցնելով Պանամայի իր օֆշորային գրպանը, համաձայնության է եկել ՀՀԿ ղեկավարության հետ՝ համամասնական ցուցակում տեղ գտնելու համար։ Դա իր վրա, իհարկե, էժան չի նստել, ասում են, որ նա «կարմիր գծերի» բիզնեսի իր փայն է հանձնել հայտնի մարդուն, բայց ինչևէ։ Փաստը մնում է փաստ։
Վստահության վերականգման մասին հանրապետականների խոսակցությունները մնացին զուտ խոսակցություններ։ ՀՀԿ-ականների լոլոներին սովորել ենք, իրենց արած գործերով էլ իրենց մասին կարծիք կազմել։ Չգիտեմ, որքանով Միհրան Պողոսյանը կարող է բարձրացնել վստահությունը ՀՀԿ-ի հանդեպ, բայց անձամբ ես, եթե ՀՀԿ-ն նույնիսկ չլիներ այն ինչ կա, չէի քվեարկի այդ կուսակցության օգտին միայն այդ մարդու անունը ցուցակում տեսնելով։ Իսկ Միհրան Պողոսյանը միակը չէ, ոչ էլ նրանցից ամենավատը։
Ընտրությունները մոտենում են և մենք դեռ շատ կլսենք այդպիսի հանցագործների մասին, որոնք հայտ են ներկայացնում ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարան անցնելու համար։ Այսպիսի մարդկանց հայտնվելը ՀՀԿ-ի «թիմում» մեկ բանի մասին է վկայում, իշխանությունները պատրաստվում են համատարած կեղծիքների և կդիմեն ցանկացած քայլի՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար։
Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի գետ մեկ գիտակից մարդ, որ կուզենա Քեթրինի Միհրանին պատգամավոր տեսնի, դե իհարկե բացի ՀՀԿ-ականներից, որոնք իրենք էլ քիչ են տարբերվում ԴԱՀԿ նախկին պետից։
Հ․գ․Ասում եմ՝ մի հատ օֆշոր չունենայինք, մենք էլ ՀՀԿ-ի ցուցակով դեպուտատ դառնայինք․․․