Հայ-էկվադորական առևտրատնտեսական կապերը՝ վերելքի շեմին. առաջիկայում Հայաստանը կդառնա կամուրջ՝ ԵՏՄ շուկայի համար2016-11-16 11:39:00

«Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջև ընթացող ակտիվ բանակցությունները մոտեցել են իրենց ավարտին: Ըստ այդ բանակցությունների՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵՏՄ:
Արդեն երկու տարի տևող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին, ով բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարևոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են և արտոնյալ պայմաններով:

Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են այն հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հետևանքով: Մասնավորապես, հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի՝ շրջանառության ծավալն արագ աճի:

Հայաստանի տնտեսության համար այս համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման և արտահանման հետևանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում:

Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքներով՝. բանան, կակաո, ծովամթերք և ծաղիկ: Հարկ է նշել, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները և հատկապես Թուրքիան ձգտել են նման արտոնյալ վիճակում հայտնվել, բայց չեն կարողացել:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թվականին Երևանում կանցկացվի ԵՏՄ պետությունների համար նախատեսված ցուցահանդես-էքսպոն, որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները:
«Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ
Այս նյութը դիտել են - 6759 անգամ