Վիգենը կդառնա քարոզիչ
2016-11-17 01:55:00
 
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նա ասաց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և գրեթե որևէ մեկին զարմանք չպատճառեց իր որոշմամբ: Զարմանք չհարուցեցին նաև նրա այն խոսքերը, թե ինքը ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, սակայն շուտով անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին:
Վիգեն Սարգսյանն այս կտրուկ շրջադարձի համար նույնիսկ բավականին տպավորիչ բացատրություն է գտել: Ասում է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ինչը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, հետևաբար, ինքը ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը։ Վատը միայն այն է, որ նախարարը մինչև վերջ անկեղծ չի եղել ներկաների հետ, այլապես նրա պատասխանը պիտի որ շատ ավելի ծավալուն ստացվեր:
Բանն այն է, որ կուսակցական դառնալու որոշումն իր մեջ մի շարք հետաքրքիր նրբերանգներ է պարունակում: Սարգսյան Վիգենը տևական ժամանակ է, որ աշխատում է կառավարման համակարգում և զբաղեցրել է պաշտոններ, որոնք պակաս քաղաքական չէին: Սակայն արի ու տես, որ ՀՀԿ-ական դառնալու մոլուցքը միայն հիմա նրան հիշեցնել տվեց այդ մասին: Եվ ուրեմն, ՊՆ-ում աշխատանքի անցնելուց նա թերևս պարտավոր էր նկատել, որ եթե իր պաշտոնը քաղաքական է, ապա բանակն է ապաքաղաքական կառույց, և այդ երկու հանգամանքները ոչ մի գնով իրար հետ չեն ներդաշնակելու:
Փոխարենը Վիգեն Սարգսյանը պիտի հասկանար, որ առաջիկայում սպասվող ընտրություններին մասնակցող ամենախոշոր ընտրազանգվածներից մեկը զինված ուժերն են: Իսկ երբ բանակի նախարարը կուսակցական է, միայն այս քայլն արդեն իսկ ուղղակի կամ անուղղակի քարոզչություն է: Կնշանակի նախարարը շատ լավ էլ գիտակցել է, թե ինչու է ինքը ցանկանում կամ ինչու են իրեն դրդել դառնալ հանրապետական: Մեր կողմից միանշանակ կարող ենք ասել, որ հաստատ Սարգսյանի հանրապետական դառնալը նժդեհականության քարոզչության հետ կապ չունի:

shame.am

Այս նյութը դիտել են - 7057 անգամ