Ապրիլի հրադադրի կապակցությամբ եղան բազմաթիվ իրարամերժ տեղեկություններ եւ մեկնաբանություններ: Օրինակ, ընդհուպ ռուսաստանցի շատ փորձագետներ հայտարարեցին, որ Ռուսաստանը միջամտելով եւ հրադադար հաստատելով փաստացի կասեցրել է հայկական զինուժի հակագրոհը, որի շնորհիվ ոչ միայն կորցրած տարածքներն էին վերադարձվում, այլ նաեւ Ադրբեջանի զինուժը մատնվել էր որոշակիորեն ավելի լայն խուճապի` դրանից բխող հետեւանքով: Հիշարժան է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե պատրաստ են հրադադարի, եթե հայկական զինուժը կանգնի եւ չշարժվի առաջ: Միաժամանակ կասկած հայտնվեց նաեւ, թե իրապես եղել է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպում: Դա դիտվեց պարզապես Մոսկվայի միջամտության այսպես ասած տեղեկատվական փաթեթավորում:
Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ, թե տեղյակ չէ մանրամասներին, կարծես թե ակնարկ է, որ իրականում չի եղել այդպիսի հանդիպում եւ հրադադարը ձեռք է բերվել բոլորովին այլ մեխանիզմով, ոչ թե գլխավոր շտաբի պետերի մոսկովյան հանդիպումով: Թերեւս դրա վկայությունն է Սարգսյանի խոսքի շարունակությունը, թե չգիտե նաեւ Ռուսաստանի ու Ադրբեջանի շփումների մասին` եղել են, թե ոչ, բայց գիտե, որ զրույց է եղել իր եւ ՌԴ նախագահի միջեւ « եւ նրա խոսքերն ուղղված են եղել հարցի կարգավորմանը, եւ դա շատ կարեւոր» է:
Փաստացի, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հրադադարը ձեռք է բերվել անմիջականորեն Պուտինի միջոցով եւ շտաբի պետերի հանդիպումն ընդամենը փաթեթավորում է: Միաժամանակ, Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ իրեն չեն հետաքրքրում այլ մանրամասներ, քանի որ ինքը խոսել է անմրջապես Պուտինի հետ եւ «պատասխանատվությունը» նրա վրա է: Ամենագլխավորը` Սարգսյանը Պուտինին փաստորեն հիշեցնում է, թե ինչ են խոսել եւ պայմանավորվել:
Այդ հիշեցումը վկայում է, որ Սարգսյանը ներկայումս տեսնում է այդ պայմանավորվածությունների չեղարկման վտանգը: Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է Ադրբեջանի ներկայիս պահվածքով, որը փորձում է մեծացնել սահմանային լարումը եւ ապրիլի պատերազմից հետո ձեռնամուխ է եղել ռազմական հռետորության վերականգնմանը: Օրերս Ադրբեջանի նախագահը մասնակցելով աննախադեպ ծավալի զորավարժության դիտարկմանն ասել է նաեւ, թե ինչպես ապրիլի պատերազմում Լելե Թեփե բարձունքի գրավումը, այդպես էլ քայլ առ քայլ Ադրբեջանը «վերադարձնելու է իր տարածքները»:
Ալիեւի այդ հայտարարության ֆոնին Սերժ Սարգսյանը Պուտինին փաստորեն հիշեցնում է, թե ինչ են պայմանավորվել ապրիլին եւ ինչ է խոստացել Պուտինը:
Դա իսկապես հետաքրքրական ակնարկ է, որը առավել ուշագրավ է դառնում հարցազրույցում Սարգսյանի մեկ այլ հայտարարության ֆոնին: Նա խոսելով ապրիլի պատերազմին Ռուսաստանի գործողությունների մասին, դրանք մի կողմից որակելով հավասարակշիռ, մյուս կողմից հայտարարում է, որ հայ ժողովուրդը սպասում էր ավելին` որ վտանգի պահին Ռուսաստանը կլինի իր կողքին: «Բայց, երազելը վնաս չէ», հայտարարում է Սերժ Սարգսյանը:
Դա բավական համարձակ հայտարարություն է, հայտարարություն այն մասին, որ Ռուսաստանը ամենեւին մեր կողքին չէ: Եվ դա սեպտեմբերի 21-ին Իսկանդերների եւ Սմերչերի ցուցադրությունից հետո, որոնք ինչ-որ առումով ներկայացվեցին նաեւ իբրեւ ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարում:
Փաստացի, Սերժ Սարգսյանն այդ ամենը համարում է անբավարար եւ մի կողմից ազդակ հղում հասարակությանը` որ երազանք է այն, թե վտանգի պահին Ռուսաստանը կլինի մեր կողքին, մյուս կողմից Ռուսաստանի առաջ սրում Հայաստանի հասարակության վերաբերմունքի հարցը, որն առանց այդ էլ չափազանց սուր կանգնեց Մոսկվայի առաջ ապրիլից հետո:
Ըստ ամենայնի, Պուտինին հիշեցնելով իրենց ապրիլյան պայմանավորվածությունը, որի մանրամասները իհարկե թերեւս միայն Պուտինին ու Սարգսյանին են հայտնի, ինչպես նաեւ Մոսկվային ակնարկելով Հայաստանի հասարակության մոտ ունենալիք խնդիրները, Սերժ Սարգսյանը փորձում է որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի պահվածքի, քաղաքականության մասով` Ադրբեջանի գործողությունների ֆոնին:
Կաշխատեն այդ քայլերը, թե ոչ: Այդ համատեքստում ի դեպ ուշագրավ է ապրիլի պատերազմից շաբաթներ անց` ապրիլի 22-ին, Ռուսաստանի արտգործնախարարի հետ երեւանյան հանդիպմանը Սերժ Սարգսյանի արտահայտությունը: Նա Լավրովին խնդրեց ներկայացնել Մոսկվայի կարծիքը, թե ինչու եղավ ապրիլյան քառօրյան: Սարգսյանը նկատել էր, թե Հայաստանն իր կարծիքն իհարկե ունի, բայց կցանկանար լսել նաեւ Մոսկվայինը: Սարգսյանի այդ արտահայտության մեջ բավական թափանցիկ ակնարկ կար այն մասին, որ Մոսկվան մինչեւ պատերազմը Երեւանին տվել է ինչ-ինչ հավաստիացումներ, որոնք սակայն չեն համապատասխանել իրականությանը:
Արդյոք քաղելով ապրիլյան դաս, Սերժ Սարգսյանն այժմ որոշել է կանխարգելիչ քայլեր անել եւ Մոսկվային դնել որոշակի փաստի առաջ, նոր պատերազմի փաստի առաջ չկանգնելու համար: Թե Սարգսյանը բավարար դաս չքաղելով ապրիլից՝ կրկին ապավինում է Պուտինի խոսքին:
lragir.am