Այսօր Ուսանողների միջազգային օրն է, և եթե շատ երկրներում այս օրն իրական տոն է, մեզ համար ավելի շատ խնդիրները վերհիշելու, դրանց մասին բարձրաձայնելու առիթ է։ Բոլորս ապրում ենք նույն երկրում և նույնատիպ խնդիրների հետ առնչվում ենք ամենօր։ Այս օրը կարող ենք փաստել, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը անմխիթար և ծայրահեղ ծանր վիճակում է։ Այն չի կատարում իր գլխավոր գործառույթը՝ աշխատաշուկային չի տալիս լավ մասնագետները, գիտությանն էլ՝ բանիմաց գիտնականներ։
Բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում շատ ժամանակ պարզապես ինքնանպատակ է, երիտասարդներն իրենց կյանքի 4 կամ 6 տարիները վատնում են չարաբաստիկ դիպլոմի համար, որն իրենց պետք էլ չի գալու, քանի որ մասնագիտությունով աշխատանք գտնելը մեր երկրում չափազանց դժվար է։ Կամ էլ բուհ ընդունվելը երիտասարդի համար յուրահատուկ տրամպլին է՝ հետագայում ուսումը այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար։
Մեր երկրում բարձրագույն կրթությունը, ինչպես նաև շատ այլ ոլորտներ մեծամասամբ կտրված է իրականությունից, ուսումնական ծրագրերը գրվում են գրվելու համար, առանց հաշվի առնելու շուկայի պահանջարկը, ապագայի տեսլականները, որոնք նույնպես գոյություն չունեն, առանց գիտության զարգացման ռազմավարության, որն էլի ի սպառ բացակայում է։
Ուսանողների օրն է, բայց ի՞նչը կարող են տոնել ուսանողները։ Այն, որ իրենց համալսարաններում վարժեցնում ու սովորացնում են տեստերի պատասխաններ տա՞լ, թե՞ 5-6 հազար դրամ կրթաթոշակները։ Կամ էլ գուցե կոռումպացված համակարգի մասնիկ լինելը, որում յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած դպրոցի գնահատականներից, բուհ ընդունվելուց, այնտեղ սովորել և ավարտելուց ստիպված են այս կամ այն չինովնիկի, ուսուցչի կամ դասախոսի փող տալ։
Դե ի՞նչ, ամեն դեպքում շնորհավորում եմ ուսանողներին այս օրվա առիթով: