Ուսուցիչը պետք է տիրապետի վերաբերմունքի մասնագիտությանը
2016-11-17 09:06:00
Վերջերս ավագ դասարանում սովորող աշակերտներից մեկը բարձրաձայնեց, որ եթե ինքը հետագայում լավ գործի տեր դառնա, ապա սիրով ու մեծ ցանկությամբ կմիջամտի, որ իր ուսուցչուհին մի բարձր պաշտոն ստանա: Չնայած բոլորս էլ մտերմիկ ժպիտներով ու ծիծաղով արձագանքեցինք նրան, բայց նաև մտքիս մեջ մնաց այդ «պաշտոն» բառը: Բայց մի՞թե շատ ավելի մեծ պաշտոն կա, քան այն սովորական ուսուցչի մասնագիտությունն է, որ իմ համար ամեն տեսակի պաշտոններից վեր է: Արդյո՞ք, ես այդ աշակերտին անբավարար չեմ նշանակում կամ չեմ զայրանում, եթե անուշադիր է կամ էլ դաս չի սովորում: 
Այստեղ կա վերաբերմունքի մասնագիտություն, որին տիրապետելը յուրաքանչյուր ուսուցչի համար չափազանց կարևոր է և պարտադիր պայման: Աշակերտը պետք է իմանա, որ անկախ նրանից, թե ինչպես է սովորում, նա ուշադրության կենտրոնում է, իսկ որպես անհատականություն` նա պետք է իմանա, որ իր կողքին կա մարդաբան ուսուցիչ, ով իրեն գնահատում է, նաև ցույց տալիս իր թերությունները վերացնելու ուղիները: Շփման, հաղորդակցման արդյունավետ կապի շնորհիվ մանկավարժը կկարողանա մոտենալ աշակերտին անհանգստացնող խնդիրներին: Երեխայի նկատմամբ ինչ վերաբերմունք էլ ունենա ուսուցիչը, պետք է դրան զուգահեռվի լավատեսությունը, եթե զինված չլինի դրանով, ապա ոչ մի դրական արդյունքի չի հասնի: 
Պարզվում է` երբեմն աշակերտի չսովորելու և հետադիմության հարուցիչը ուսուցիչն է, ով հոգեբանական ճգնաժամի է հասցնում աշակերտին` մտածելով, որ նա անընդունակ է, անառաջադեմ, չի կարողանա երբևէ դաս սովորի: Եվ արդյունքում աշակերտը չի հավատում, որ պատրաստ ներկայանալու դեպքում իր արժանի գնահատականը կստանա: Երբեմն նաև ուսուցչին կարծես հուզում է միայն իր մասնագիտական պատրաստականությունը, բայց չէ՞ որ կա վերաբերմունքի մասնագիտություն, որի կարիքն ունի աշակերտը:
Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Վերջերս գովեցի թույլ սովորող աշակերտներից մեկին, որ հրաշալի հերթապահություն է անում դասարանում, և արդյունքում նա մոտեցավ ինձ ու առաջարկեց, որ ուզում է ամբողջ շաբաթվա ընթացքում հերթապահել: Չնայած նրա առաջարկին համաձայն չէի, բայց հասկանալի էր, որ ստեղծված շփման արդյունավետ մթնոլորտը բացառիկ նշանակություն ունի աշակերտի հոգին կերտելու գործում: Դրա վառ վկայությունը նրա պատրաստ ներկայանալն էր, երբ հաջորդ օրն ինձ դաս պատմեց ու մի քանի «անբավարարի» կողքի նա «լավ» գնահատվեց:
Չնայած այս թեման տարողունակ է, որի մասին կարելի է շատ խոսել, բայց կցանկանայի, որ երբեմն որոշ ուսուցիչներ իրենց «արքայական» գիտելիքները չգերագնահատեն, որտեղ սովորողները միայն լսողի դերում են լինում, միաժամանակ հոգեբանական շփումների բացակայությունն ապահովեն` աշակերտների հետ հաղորդակցվելով: Խուսափել «ես ինքս» միակ գլխավոր դեմք լինելուց, որտեղ ուսուցիչը մենակ ինքն է հարց տվողը, իսկ այդտեղ արդեն կորչում է սովորողների ստեղծագործական կարողությունը: Աշակերտին հասկանալու համար պետք է նրան հնարավորություն տալ արտահայտվելու և կարողանալ լսել նրան: Իսկ լսելու կարողությունը բարդ և նուրբ արվեստ է, որին, որպես մասնագիտական հատկություն, պետք է տիրապետի յուրաքանչյուր մանկավարժ: Աշակերտների աշխարհն իմանալու և հասկանալու հարցը որոշ ուսուցիչների համար մնում է գերխնդիր, բայց չէ՞ որ բոլոր աշակերտներն էլ հասկացված լինելու իրավունք ունեն:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 2087 անգամ