Ահա այս տագնապալի կացության ֆոնի վրա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարում է. «Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա»: Նույն նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը անմիջապես պաշտպանում է իր շեֆի պնդումը. «Հայաստանում չկա H1N1 վիրուսի («խոզի գրիպ») ենթատիպով առաջացած գրիպի համաճարակ։ Հիվանդացության դեպքերը սեզոնային վիրուսային ակտիվության դրսևորում են, որոնք գրանցվում են ամեն տարի։ Համաճարակաբանական իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասում է նա: Եվ հենց այստեղ է, որ ակամա հիշվում են սոփեստները, քանի որ նրանց օրինակով անմիջապես ցանկություն է առաջանում հարցնել. «Իսկ քանի՞ հիվանդ է պետք, որպեսզի դա համարվի համաճարակ»:
Բայց համաճարակ բառից նախարար Արմեն Մուրադյանն ու նրա ենթակաները փախչում են՝ ինչպես մահաբեր վիրուսից: Հիվանդանոցներում արդեն ազատ տեղ չկա, որոշ բուժհիմնարկներ նույնսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով, որ պետք չէ իրենց դիմել, քանի որ ընդունել չեն կարող: Իսկ նախարարության համար համաճարակ չկա, քանի որ այդ համաճարակ ասվածի վտանգը միայն առողջական չէ: Պաշտոնապես համաճարակ հայտարարելու դեպքում իսկույն հրապարակ կգային անցանկալի հարցեր: Կսկսեն հետաքրքրվել, թե ու՞ր էին նայում պատասխանատուները, ինչու՞ չկարողացան կանխել, ու՞ր կորան այն գումարները, որ տարվա ընթացքում ծախսվել էին այդ նպատակի համար: Մի խոսքով, հարցեր, որոնք կամ պատասխան չունեն, կամ դրանց ճիշտ պատասխանը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եվ ուրեմն թող գրողի ծոցը կորչեն սոփեստներն իրենց հիմար հարցերով, քանի որ Արմեն Մուրադյանը ոչ նրանց գիտի, ոչ ուզում է իմանալ: Արմեն Մուրադյանին հիմա մի բան է անհրաժեշտ՝ իր աթոռը հեռու պահել վտանգներից ու վիրուսներից: Ախտահանում է պետք՝ լռության գնով: