«Չեք կարող աշխատել, խարակիրի արեք, ԱԳՆ շենքից ձեզ գցեք, բայց հայ ժողովրդին մի խայտառակեք». Լ. Շիրինյանը՝ ԱԳՆ աշխատանքի մասի
2016-11-17 09:28:00
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանում է Իլհամ Ալիևի՝ Անթալիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին հնչեցրած գնահատականներին:
Լևոն Շիրինյանն անթույլատրելի, անգրագետ համարեց ՀՀ ԱԳՆ աշխատաոճը՝ հայտարարելով, որ ՀՀ ԱԳՆ-ն իր դիվանագիտությունը կառուցում է միայն պատասխան հայտարարությունների վրա և չի կարողանում ճիշտ օգտագործել միջազգային բարձր հարթակները:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանի անունից գագաթաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից: Ալիևն ընդգծել է. «Այդ ահաբեկչությունն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել»:
Սրան ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ելույթ է ունեցել Հայաստանում հայաստանյան լսարանի և լրատվամիջոցների համար՝ հայտարարելով Ալիևի հայտարարությունները զավեշտալի և անբարոյական:

Լևոն Շիրինյանն, իր հերթին քննադատելով ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և արտաքին գերատեսչության աշխատանքն, ասաց.«Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահն Անթալիայում հայտարարություններ է անում, որ Հայաստանն օկուպացնում է տարածքները և այլն: Կրկնում եմ՝ գագաթաժողովի անդամ չէ, թուրք է, գնացել, տեղավորվել է, որ բեմահարթակն օգտագործի և հայտարարություններ անի: Հայկական կողմն ի դեմս ԱԳ նախարարի տեղակալի հայտարարում, մեզ բացատրում է, որ թուրքն ինչ անբարոյական է: Եղբա՛յր, մեզ մի՛ ասեք, ավելի լավ է դուք օգտագործեք նման հարթակը: Ահաբեկչությունը կապում է աշխարհն իսլամի հետ, իսկ Ադրբեջանն անցնում է Ֆրանսիայի կողմը և մի հատ էլ
մեզ է քննադատում:Ոչինչ չեն անում, միայն սպասում են ու անընդհատ մեղադրում են Եվրոպային, սրան-նրան խավիարային դիվանագիտության, սրա-նրա մեջ: Իբրև թե Ադրբեջանը Եվրոպան խավիարով գնել է: Հիմա էլ ասում են՝ չեն ամաչում, Ֆրանսիան ողբերգությունների մեջ է, գնացել ինչ են ասում: Ես գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հստակ պետք է այս օրերին ունենար հայեցակարգ և արագ մտներ գործընթացի մեջ: Նույն հայ ժողովուրդը նույն իսլամից տուժել է: Իրենք պետք է այդ առիթն օգտագործեն և իրենք պետք է դա բարձրաձայնեին, ոչ թե անընդհատ ոչ համարժեք պատասխան տվողի դերում են»:Քաղաքագետը գտնում է, որ ՀՀ կողմը մշտապես շարունակում է մնալ ոչ ադեկվատ իրավիճակում: Ոչինչ չի անում, այլ շարունակ սրան-նրան մեղադրում է. «Իրենք խավիարային դիվանագիտություն են անում, եղբայր, դուք էլ կարտոֆիլային դիվանագիտություն արեք, բայց մի բան արեք, իմանանք, որ աշխատում եք: Հիմա տեսեք՝ Ալիևի հայտարարություններն ամբողջ աշխարհը լսեց, իսկ Շավարշ Քոչարյանի բացատրություններն ո՞վ լսեց: Ես, օրինակ, չեմ հասկանում սրանց արած-ուզածը: Դիվանագիտությունը փոքր պետության համար բացառիկ նշանակություն ունի: Ամեն ինչ մնացել է բանակի վրա, բանակը պտի ճնշի, բացատրի, բա մնացածներն ինչի՞ համար են»:
Նույն տրամաբանությունն է գործում, ըստ քաղաքագետի, անցած շաբաթավերջին ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի հոդվածը, համաձայն որի պետք է տարածքներ հանձնվեին Ադրբեջանին: Լ. Շիրինյանն ասում է, որ սա պետք է մեծ աղմուկ բարձրացներ հայկական կողմում, պետք է փորձեին պարզել այս հոդվածի ֆինանսավորման աղբյուրները, նպատակները:
«Հիմա նույնը սա է. ՀՀ շահերը պետք է պաշտպանվեն դաժանորեն: Անթալիայում 1915թ.-ի արյան բաղնիքները պիտի հիշեցնեին: Գնում այնտեղ ի՞նչ են անում: Այսօր խոշոր տերությունների խոշոր ղեկավարները քննում են աշխարհում ահաբեկչության խնդիրը: Սուլթան Համիդից սկսած ահաբեկչություն են իրականացրել հայերի նկատմամբ: Ես զարմանում եմ, թե ԱԳ նախարարությունը ո՞ւմ համար է աշխատում: Չգիտեք՝ հրաժարական տվեք, եղբայր, դուրս եկեք խաղից:
Թվում է, որ եթե հիմա քրքրենք, երևի սրանք հայկական կրթություն էլ չունեն, հայերեն էլ չեն սովորել, Պուշկին, Տոլստոյ են սովորել, եկել այս կողմը Հայաստանի հարցեր են լուծում: Բա ո՞նց կարելի է, Սումգայիթ սարքած երկրի ղեկավարը գալիս ձեր դիմաց ահաբեկչությունից է խոսում, մի հատ էլ ձեզ է մեղադրում:
Հետո մի հատ էլ գալիս հայաստանյան լսարանի համար բաներ են բացատրում, Ալիևին ամոթանք են տալիս: Ես հորդորում եմ՝ չեք կարող աշխատել, խարակիրիի ենթարկեք ձեզ, ելեք ԱԳՆ շենքից ձեզ ներքև գցեք, բայց բավական է հայ ժողովրդին խայտառակեք»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Քրիստինա Մկրտչյան
galatv.am 
Այս նյութը դիտել են - 3595 անգամ