Արմեն Ամիրյանն այլևս նախկին հաստատակամ ու իր խոսքի տեր տղամարդը չէ. նա անդամակցելու է ՀՀԿ-ին
2016-11-17 10:47:00

 

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին տպավորություն գործեց հետաքրքրասերների վրա, երբ հայտարարեց, թե չի պատրաստվում դառնալ կուսակցական: Ավելին, նա կտրականապես ասաց. «Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետև իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական»: 
Կարծես թե այսքանը լիովին բավարար էր վերջ դնելու շրջանառվող այն խոսակցություններին, թե նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկտեղ Հանրապետականի շարքերը պիտի համալրեն բոլոր անկուսակցական նախարարները:
Սակայն, ինչպես հաճախ է պատահում, այս դեպքում էլ հոռետեսները կարծես թե ավելի իրատես են, քան լավատեսները, որովհետև այսօր ԱԺ-ում նախարար Արմեն Ամիրյանն այլևս նախկին հաստատակամ ու իր խոսքի տեր տղամարդը չէր և փաստացի չհերքեց տեղեկություններն այն մասին, որ անդամակցելու է ՀՀԿ-ին: «Ես ասել եմ, որ կառավարման խորհրդարանական կարգը ենթադրում է թիմային աշխատանք, անդամակցելու հետ կապված պետք է որոշում կայացնել»,- ասաց մշակույթի նախարարը:
Իր դեմքը փրկելու համար Ամիրյանը ձևակերպում է գտել՝ թիմային աշխատանք: Եվ չգիտես ինչու, թիմը պատկերացրել է միայն կուսակցական միասնության, այլ ոչ թե աշխատանքային կոլեկտիվիզմի շրջանակներում, մինչդեռ շատ ավելի ազնիվ կլիներ, որ գոնե հայտնի կինոնկարի հերոսի պես խոստովաներ. «Ես չէի ուզում, ինձ համոզեցին»:
shame.am
Այս նյութը դիտել են - 4060 անգամ