ԱՂԲԸ ՄԵՏՐՈՅՈՒՄ...2016-11-18 01:17:00
Այսօր մի զավեշտալի պատմության ակամա մասնակիցը դարձա:
Որոշեցի ոտքով աշխատանքի չգնալ ու իջա մետրո: Դրամարկղի մոտ փոքրիկ հերթ էր գոյացել, բայց քանի որ անկազմակերպ էին կանգնած, հարցրեցի, թե ով է վերջում կանգնածը ու ես էլ կանգնեցի:
Վերջին կանգնածը վաթսունն անց կին էր, ձեռքին մի քանի պոլիէթիլենե տոպրակներ: Կինը տեսավ, որ բացի կանացի պայուսակը ուրիշ ոչինչ չկա ձեռքիս, խնդրեց, որ օգնեմ պահել իր տոպրակները, որպեսզի, ինչպես ինքն արտահայտվեց, «մետրոյի տոմսի կոպեկ հանի»:
Պատրաստակամորեն օգնեցի կնոջը: Սկզբում ոտքիս վրա ինչ-որ հեղուկ կաթեց, հետո վատ հոտ ընկավ քթիս: Ինքնաբերաբար նայեցի բռնածս տոպրակներին ու....Աստված ի՜մ ,կինը մի մեծ տոպրակով կենցաղային աղբ էր տեղափոխում.
-Տիկին,-ասացի,-սա ի՞նչ տոպրակ է, մեջից գարշահոտ հեղուկ կաթեց ոտքիս...
-Վա՜յ, քոռանամ ես, խայտառակ եղա, բալա՜մ, /բալա՞մ/ զիբիլի ցելոֆոնը մոռացել եմ գցեմ աղբարկղը, հետս բերել, հասցրել եմ մետրո: Գետինը մտնես,Մարգո՜, դու ապրելու իրավունք չունես, թե էս ինչի՞ ես ապրում...
Դրամարկղի մոտ այլևս հերթ չկար, ու որոշեցի կնոջը մենակ չթողնել:
-Հանգստացեք, տիկին,շատ վատ բան չի պատահել, աղբ է, կթափես էլի, բա արժե՞ էդքան հուզվել:
-Է՜, այ բալա՜մ.../թե ես իրեն ի՞նչ բալա,համարյա տարիքակիցներ էինք/, բա որ իմանաս որտեղից եմ հետս քարշ տալով բերել...քանի աղբարկղի մոտով եմ անցել...
Օգնեցի, նորից դուրս եկանք մետրոյից: Կանգնեցի տոպրակների մոտ, ինքը աղբը տարավ նետեց աղբարկղն ու հետ եկավ;
-Շնորհակալ եմ, բալա ջան /էլի բալա/, ինձ փրկեցիր խայտառակությունից: Ի՞նչ անեմ, մեծ կնիկ եմ, հազար ու մի հոգս ունեմ, գլուխս խառն ա, շ ա՜տ խառը, գլխիս խելք էլ չի մնացել, էնքան դարդ ու ցավ ունե՜մ....
Կնոջ բողոքի ձայնը խլանալով իջավ մինչև աստիճանների վերջն ու մարեց....
Այսօր էլ քայլելով գնացի աշխատանքի:
Քայլելով մտածելը ավելի հեշտ է...
Ֆիալկա Հախինյանի ֆբ էջ
Այս նյութը դիտել են - 1354 անգամ