Բաղդասարովը ոչ միայն ջրի երես է բարձրացել, այլև սկսել է հարցազրույցներ տալ...
2016-01-10 16:41:00


Հայտնի գործարար Միկա Բաղդասարովի մասին երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար: Այն պահից ի վեր, ինչ նա հայտարարեց սնանկացման մասին և մեկը մյուսի ետևից հօդս ցնդեցին Բաղդասարովի մեծ ու փոքր բիզնեսները, մեր հերոսն անցավ ընդհատակ և նախընտրում էր բազմիմաստ լռությունը: Բայց ահա իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվել, և Բաղդասարովը ոչ միայն ջրի երես է բարձրացել, այլև սկսել է հարցազրույցներ տալ: 

 Ի մասնավորի նա լրագրողներին հաղորդել է կարևորագույն մի լուր: «Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա Ցեմենտ»-ով: Ամեն ինչ նոր էջից եմ սկսել: Վրացական «Georgian Airlines»-ը առաջարկել է փոխնախագահի պաշտոնը»,- ասել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը՝ չխորանալով մանրամասների մեջ, թե ինչ պատահեց, որ 1996 թվականին ստեղծված Հայաստանի առաջին ու միակ ազգային «Արմավիա» ընկերությունը 2013-ին ճանաչվեց սնանկ և դադարեցրեց իր գործունեությունը։ Բաղդասարովը ոչինչ չի ասել նաև այն մասին, թե ինչու իրեն պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությանը 40 մլն դոլարով վաճառվեց «Ռոսնեֆտին», չի ասել, թե ինչ պատահեց, որ «Միկա» մարզահամալիրը իր ձեռքից վերցրեցին ու դրեցին ֆինանսների նախարարության ենթակայության տակ: Մյուս բիզնեսների կորստի մասին էլ ոչինչ չի հիշել, քանի որ խոսքն այժմ նոր էջի մասին է, իսկ նոր էջերը չեն սիրում հներին, առավել ևս, եթե դրանք լի են կոպիտ ու ճակատագրական սխալներով:

Բայց հիմա սխալվելու հերթը կարծես թե ոչ այնքան Բաղդասարովինն է, որքան վրացիներինը: «Georgian Airlines»-ը հայ օլիգարխին իր փոխնախագահ նշանակելով արդյո՞ք չի պատրաստվում անցնել այն նույն ճանապարհը, որ անցավ երջանկահիշատակ «Արմավիան»: Չէ՞ որ Բաղդասարովը դրա մեծ վարպետն է: Նա հաջողակ գործարար է եղել միայն այն ժամանակ, երբ վայելել է վերևների հովանավորչությունը, օգտվել է մենաշնորհներից ու քողարկել է աստղաբաշխական ծավալների հասնող եկամուտները: Հենց այդ հեքիաթն ավարտվեց, Բաղդասարովն էլ ավարտվեց հեքիաթի նման: Հիմա Վրաստանում կա՞ այնպիսի մեկը, որ կդառնա նրա տանիքն ու հովանավորը: Եթե կա, Միկա Բաղդասարովը երջանիկ կլինի, եթե չկա, «Georgian Airlines»-ը շատ արագ կսնանկանա:

 


Shame.am

Այս նյութը դիտել են - 1806 անգամ