Հյուպատոսարանների միջոցով տեղեկանք ստանալու գործընթացը մի քանի ամսից կկրճատվի օրերի
2016-11-18 02:43:00

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի  N 1031-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Ըստ նախարարի, այդ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու գործընթաց պարզեցնելու անհրաժեշտությամբ՝ քաղաքացուց պահանջվող փաստթղթերը կրճատելու, ինչպես նաև տեղեկանքը այլընտրանքային միջոցներով ստանալու մեխանիզմներ ներդնելու միջոցով: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը թույլ է տալիս էապես պարզեցնել այս գործընթացը:

Մասնավորապես որոշումներով նախատեսվում է.

Կրճատել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը, պարզեցնել դիմումի ձևերը.

Ընտանեկան կարգավիճակի տեղեկանք ստանալու համար ներկայում գործող համակարգը փոխարինել մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգով՝ բացառելով տեղեկանք ստանալու համար տարբեր ՔԿԱԳ մարմիններ այցելելու պահանջը: Մասնավորապես այլ պետություն ներկայացնելու համար քաղաքացին ստիպված չի լինի այցելել իր բնակության վայրերի ՔԿԱԳ մարմիններ և Արդարադատության նախարարություն նշված տեղեկանքը ստանալու համար, այլ անմիջապես տեղեկանքը կստանա Արդարադատության նախարարությունից կամ կառավարության կողմից լիազորված օպերատորից : Օրինակ՝ «Հայփոստ»-ի մոտակա մասնաճյուղից/:

Մեկ պատուհանի սկզբունքով տեղում ապահովել տեղեկանքի թարգմանությունը և ապոստիլով վավերացումը, քանի որ տեղեկանքը հիմնականում տրվում է այլ պետություններում գործածելու համար.

Տեղեկանքը տրամադրել ոչ միայն Արդարադատության նախարարության կողմից, այլև կառավարության որոշմամբ սահմանված պետական ծառայություններ մատուցող միասնական օպերատորների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով.

Հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղեկանք ստանալու գործընթացը մի քանի ամսից կրճատել մինչև մի քանի օր:

Տեղեկանք տրամադրել նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ ՀՀ մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ինչը գործող կարգավորման համաձայն չի արվել։

Նախագծի ընդունմամբ կկրճատվեն նաև օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները, հաշվի առնելով նաև մի շարք ծառայությունների ավելացումը, օրինակ՝ երկլեզու տեղեկանքների տրամադրումը, որոնք հնարավորություն են ստեղծում էականորեն խնայել փաստաթղթերի թարգմանության հետ կապված ծախսերը և ժամանակը:

Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջև ուղղակի կապի ստեղծման շնորհիվ հնարավորություն կընձեռվի ապահովել սույն գերատեսչությունների միջև ընթացակարգերի հստակեցումը և պարզեցումը, ինչպես նաև սպասարկման որակի բարելավումը՝ ի հաշիվ քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ընթացակարգերի ժամկետների կրճատման:

Այս նյութը դիտել են - 3331 անգամ