Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
2016-11-18 08:20:00

Կարեն Կարապետյանն արտահանման խթանման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով հանձնարարական է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Հանձնարարում եմ աշխատանքային խմբին աշխատել իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով: Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

Կարծում եմ, որ հանձնարարականը պարզ է. ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել՝ մեր մասշտաբներով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:

Այս նյութը դիտել են - 6953 անգամ