Հայաստանի կառավարությունում ամեն օր մի զարմանահրաշ ծրագիր է կյանքի կոչվում, և դրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ պայքարել կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների, ապօրինի հարստացման ու նմանատիպ այլ կարգի արատավոր երևույթների դեմ:
Վատը միայն այն է, որ հիշյալ ծրագրերից ոչ մեկը դեռևս որևէ տեսանելի արդյունք չի գրանցել: Գործադիրում նույնպես զարմացած են, թե ինչից է, որ իրենք օրուգիշեր պայքարում են, սակայն հաջողություն չկա ու չկա:
Իսկ գուցե պատճառն այն է, որ ճիշտ տեղում չե՞ն փնտրում: Օրինակ, ի՞նչն է խանգարում պայքարը ծավալել հենց կառավարության պատերի ներսում: Այստեղ հաստատ բազում թեմաներ ու նյութեր կան: Եվ եթե կդժվարանան կողմնորոշվել, թե ինչից սկսեն, կարող ենք նրանց հուշել:
Օրինակ, կարելի է սկսել, ասենք, Գլաձորի հանքավայրից, որովհետև, ինչպես պարզվում է, սա շահագործել ցանկացող ընկերության հետևում կառավարության աշխատակից է կանգնած:
Խոսքը «ՎԱՅԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի մասին է, որի միակ հիմնադիրն է Արթուր Սիմոնի Տեր-Սիմոնյանը, որը ՀՀ կառավարության վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ և բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է։
Ու հավանաբար հենց այդ պատճառով էլ վերջերս էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մեկ տարով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տվել հենց այս ընկերությանը՝ 625 հեկտար մակերեսով տեղամասի վրա այն իրականացնելու համար։
Ի դեպ, եթե կառավարությունում իսկապես սկսեն զբաղվել այս հարցով, ապա կարող են նաև ի գիտություն ընդունել, որ Հայաստանի գրեթե բոլոր մետաղական հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման գործընթացների ակտիվ մասնակիցներն են ներկա ու նախկին պաշտոնյաները։
Այնպես որ, անելիքի պակաս չի զգացվի:
Այս նյութը դիտել են - 964 անգամ