Ինչու՞ խուսափել ուսուցչին ուղղված նման հարցերից
2016-11-19 12:17:00
 
Երբեմն անակնկալներ են լինում, որ զարմացնում են մեզ, և մի փոքրիկ միջադեպ առիթ է դառնում, որ մի նոր հայացքով նայես դիմացդ նստած դեռահասին:  Տարիների փորձն ինձ բերել է այն համոզման, որ միշտ էլ պետք է տեսնես նրանց աշխարհը, իսկ այդ աշխարհում բազում գույներ կան` մեկը մյուսից գեղեցիկ ու տարբեր: Այսօր 11-րդ դասարանում էի, ու հանկարծ հարցրեց մեկը, ինձ ուղղված մի հարց, որից զարմացա, բայց ինչու՞ էր հարցնում նա` այն աշակերտուհին, թե արդյո՞ք ես հարազատներ ունեմ այստեղ: Խոսքը իմ հայրական տան մասին էր, իսկ այն ավերված էր Արցախյան պատերամի տարիներից: Անսովոր մի ժպիտ խաղաց դեմքիս, բայց չէի կարող անպատասխան թողնել հարցը, եթե նա համարձակություն է ունեցել իրեն տարիներ շարունակ դասավանդող ուսուցչուհուն այդպիսի հարց տալ: Հիշեցի նաև, որ օրեր առաջ աշակերտուհիներից մեկ ուրիշն էլ հարցրել էր, թե կարո՞ղ է իր ուսուցչուհին անցած իր կենսագրությունից պատմել:
Բայց ինչու՞ խուսափել նման հարցերից, ու իմ դասի մուտքն սկսվեց այսօր մի տխուր պատմությամբ, որտեղ ուսուցչուհի կար, որ բռնագաղթից հետո օտար ափերում էր, բայց հայրենի հողի կանչով տարիներ առաջ թողել էր հարազատներին հեռուներում ու իր փոքրիկ դստեր հետ վերադարձել ծննդավայր: Օտար ափերում հիմա հանգչող գերեզմաններ կան, հարազատ դեմքեր, կարոտի կանչ կա, անցյալի հուշեր…
Այսօր այդ դասարանում թախծախառն էր իմ դասը, հոգիս տխրել էր, բայց ես ժպտում էի` խոսքերս դասանյութին միախառնած: Ես անցյալում էի, նրանք չիմացան, բայց մենք մտերմացանք, մի նոր մտերմիկ հարաբերություն, որ ստեղծվեց այնքան կարճ մի քանի րոպեների մեջ տեղավորված մի փոքրիկ պատմությամբ, որ սքողված էր դեմքիս աղավաղված անհասկանալի ժպիտով:
Կարծում եմ` պետք չէ խուսափել նման հարցերից, չէ՞ որ դպրոցական կյանքը առանձնահատուկ մի աշխարհ է, գուցե և դժվար, բայց նրբություններով ու անակնկալներով, նոր բացահայտումներով հարուստ, որտեղ ամեն օր ուսուցչի և աշակերտի հարաբերություններում մի նոր դիմագիծ է ձևավորվում, որով էլ գեղեցկանում և ստեղծվում է ուսումնական մտերմիկ միջավայր:
Ես ամեն անգամ համոզվում եմ, որ մեր այդ հարաբերությունների առանցքում միշտ էլ պետք է փորձենք վեր հանել աստվածային գեղեցիկն ու կատարյալը: Այդ ճանապարհին, չգիտեմ` ինձ որքանով է հաջողվում, բայց, որպես անհատականություն, նույնիսկ լինում են պահեր, որ ցանկանում եմ գտնել սովորականի մեջ անսովոր դարձած երևույթը, որն ինձ ավելի է մոտեցնում իմ աշակերտներին:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի
անվան միջնակարգ դպրոց
Այս նյութը դիտել են - 6397 անգամ