Հաշմանդամ երեխայի փողը կուտես, բայց՝ կմարսես:2016-11-20 13:04:00
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դարակազմիկ որոշումը: Իմ ոչ բարով նախկին ամուսինը ինձ էդպես էլ չներեց ալիմենտի պահանջը, ողորմելի թիվ 34500 դրամ: Եւ վերջին 7 տարիներին արեց ամեն ինչ այն չվճարելու համար: Ես էլ նրան չներեցի 9 տարի իր երեխայի, որը հաշմանդամություն ունի, բացարձակ անտեղյակությունն ու ակնհայտ արհամարհանքը:
Արեց ամեն ինչ ՊՆ համակարգից զորացրվելու, հաշմանդամություն ձեւակերպելու եւ մի քանի անգամ նշանվել-ամուսնանալու ու երեխաների հսկա բանակ ձեւավորելու համար:
Արդյունքում ընդհամենը 20 հազար դրամ ալիմենտ մնաց ներառական դպրոցում սովորող ու հատուկ խնամքի կարիք ունեցող Նարեկիս:
Մեր երկրում երեխայի իրավունքների պաշտպանությունը զրո է, չնայած խելքից դուրս օրենքներ ու կոնվենցիաներ ունենք:
Հարգելի արդարադատության համակարգ....ձեզ ինչու՞ է թվում, որ միայն բռնության դեպքում է պետք պաշտպանել երեխային: Չէ որ նրան տարրական պայմաններից զրկելը, տարիներով նրա վրա թքած ունենալը, նրա ծնունդը անիծելը եւս երեխայի իրավունքների կոպիտ խախտում է:
Դատավորներին գոնե տարին երկու անգամ տարեք հատուկ դպրոցներ, թող իրենց բարձրությունից իջնեն ու փորձեն շփվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Գոնե բացակա հայացքով վրաս չեն նայի ներառական բառը լսելուց:
Փոխեք ալիմենտի օրենքը ի շահ երեխայի, որ իմ տղայի օրինակով նա առաջիկա ամիսներին պարտք չմնա իր հայր կոչվածին:
Ստեղծեք այնպիսի մեխանիզմներ, որ հնարավոր չլինի հազար հատ գժի ու սրտային հիվանդի թուղթ բերել ու շրջանցել օրենքը:
Վերաքննիչ չեմ դիմելու, անիմաստ է, քանի որ երեխայի իրավունքները հենց առաջին ատյանում պիտի պաշտպանվեին, ու մի՛ զարմացեք, թե ՄԻԵԴ մարդիկ ինչու են դիմում:
Աստված ինձ առողջություն տա, որ Նարեկիս ոտքի կանգնացնեմ, առողջություն նաեւ բոլոր բալիկներին:
Հ.Գ Հաշմանդամ երեխայի փողը կուտես, բայց՝ կմարսես:
Ահա, սա՛ է խնդիրը:
Լիլիթ Աղաջանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1311 անգամ