Տղամարդն արժե այնքան, որքան իր խոսքը 2016-11-20 13:13:00
Նա 12-րդ հումանիտար դասարանի միակ տղան է, ազնիվ ու արդար, պարզ ու մաքուր հոգով միակ աշակերտն այն մնացած տասներկու աղջիկների կողքին: Եվ մենք սիրում ենք նրա համարձակ մտորումները, որ երբեմն նա բարձրաձայնում է. «Տանել չեմ կարողանում այդպիսի տղաներին, ովքեր միայն խոստումներ են տալիս աղջիկներին: Ես համարում եմ, որ այդպիսի տղաները թուլամորթ են: Տղամարդն արժե այնքան, որքան իր խոսքը, ես դրանով եմ առաջնորդվում: Շատ սիրող զույգեր կյանքում հրաժարվում են միմյանցից` միայն հասարակության կարծիքը հաշվի առնելով կամ ծնողների մեղքով: Պետք է անտեսել բոլոր կարծիքները, դու ես քո կյանքի տերը, քո կյանքի ուղին ընտրողն ես, այսպես ասած` դու ես «սցենարիստը», ուրեմն դու էլ պիտի կառուցես այդ կյանքը»:
Այն օրը` Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր» վիպակի քննարկման ժամանակ, նա բոլորի կողմից ծափահարության արժանացավ այս խոսքերի համար: Դասարանում նա միշտ հանգիստ է, շատ կազմակերպված, երբեմն լռակյաց ու ինքնամփոփ, բայց նա այդ օրը խոսում էր ոգևորված... Շատերի հոգուն հաճելի խոսքեր էր հնչեցնում` երբեմն ըմբոստացած: Նրա և այն մյուս երեք աշակերտուհիների խոսքերում մեղադրանքի խոսքեր էին հնչում այն գրական կերպարների հանդեպ, որ կորցրին իրենց սերը:
Սեյրան Աղաբեկյան: «Իմ կարծիքով, այս պատմության մեջ բոլոր հերոսների մեղքն ու բացասական ազդեցությունը կար, բայց մասամբ: Ես առանձնացնում եմ Կարենի բացասական կերպարը վիպակում, քանի որ նա Անահիտին սեր խոստացավ, ասաց, որ կվերադառնա, բայց շատ ուշ վերադարձավ, ավա~ղ, Անահիտն արդեն ամուսնացած էր: Կարենը պետք է իր խոստումը պահեր և ժամանակին վերադառնար կամ էլ չգնար արտագնա աշխատանքի, եթե նա իսկապես սիրում էր աղջկան: Վերջինիս ես համարում եմ զոհ, ով հավատաց Կարենին: Եթե ես լինեի նրա փոխարեն, իսկապես սիրեի Անահիտին, հաստատ նրան բաց չէի թողնի, կսիրեի, կերջանկացնեի նրան` անկախ մնացածների դիրքորոշումից»:
Ջավադյան Վարդուհի: «Չեմ կարողանում արդարացնել աղջկան, որ սկզբում ուզում էր իր համբույրներն այնքան «էժան ծախեր» տղային: Դա երևի նրանից էր, որ մինչև հոգու խորքը սիրահարված էր Կարենին, և նրան ամենևին չէր հետաքրքրում շրջապատի կարծիքը: Կարենը միանգամից դեմ գնաց իր ծնողներին, նրան չէին հետաքրքրում քաղաքի հարուստ գեղեցկուհիները: Դա ապացուցում էր, թե որքան կարևոր էր իր համար Անահիտը: Բայց տղան էլ ուներ իր մեղքի բաժինը: Նրա անակնկալ հեռանալը կասկած է ծնում աղջկա հոգում, ու կամաց-կամաց փշրվում են Անահիտի երազանքները»:
Ղուլյան Գեղեցիկ: «Անահիտի և Կարենի սերն ինձ շատ հետաքրքիր էր թվում և խորհրդավոր, մինչև որ հայտնվեց Մուշեղը, ու ամեն ինչ հիմնովին փոխվեց: Ես այդտեղ այդ սերը պահպանելու ձգտում չտեսա: Խղճում եմ Մուշեղին, որովհետև իր կողքին կար կին, ով նրան չէր սիրում, չէր նկատում նրա ներկայությունը: Չէի ցանկանա նրանց իրար հետ ամուսնացած տեսնել: Ինձ համար Կարենը թուլամորթ երիտասարդ էր, ով իր սերը հեշտությամբ դարձրեց ուրիշինը: Մուշեղի կերպարը ինձ որոշ չափով դուր եկավ, քանի որ նրա մոտ սիրո հարցում համառություն և պայքար տեսա»:
Աբրահամյան Ռուզաննա: «Այս վիպակում ես իսկական սեր չտեսա, հիասթափություն ապրեցի, մեղադրում եմ և՛ Անահիտին, և՛ Կարենին, որ իրենց խոստմանը տեր չկանգնեցին: Երևի նրանց ժամանակներում սովորական էր, որ աղջիկն առանց սիրելու էր ամուսնանում, իսկ մեր օրերում հակառակն է...»:
Բայց ինչու՞ ես ցանկացա հակադրվել նրանց և, արձագանքելով այս դեռահասներին, ընթերցում եմ տողեր վիպակից, որ գյուղից ոչ հեռու կամրջից վեր` ուռենիների տակ, մի փոքրիկ աղբյուր կար, այնտեղ էին նրանք ամեն օր հանդիպում: Եվ մամռոտ քարերի մոտ կամացուկ երգող անանուն աղբյուրը նրանց գաղտնիքն էր պահում, ու այնտեղ մի գեղեցիկ սեր կար, մի անափ երջանկություն:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց
Այս նյութը դիտել են - 3988 անգամ