ժամանակն է հետևելու ուր են գնում հանգանակված գումարները2016-11-20 14:54:00
Արդեն քսանհինգ տարի մենք ազատ ,անկախ, հայրենիք ունենք: Մի կենրոնաձիգ ուժ, մի մագնիս, որ բոլորիս ետ պիտի կանչեր՝ մեր տունը շենացնելու, մեր պապերի դարավոր երազը իրականացած տեսնելու:
1988-ի երկրաշարժից սկսած ձեռքներիցս եկածը անում ենք, ո՛չ երբեք երեսով տալու համար, ո՛չ էլ նույնիսկ մեր խղճի հանգստության համար, այլ, որովհետև չենք կարող չանել, չանելը՝ հավասար կլիներ չապրելուն:
Արել են, թե՛ դրսից, թե՛ ներսից՝ ազգովի, միասին:
Արել է ժողովուրդը, որ մի օր շեն հայրենիք ունենա, Ազատ, Անկախ, Միացյալ:
Բայց այսօր կանգնած ենք ավերակների առջև: Երկիր չունենք, պետություն չունենք, բայց ունենք մեծահարուստներ, ունևորներ, որոնց, եթե հարցնես՝ որ՞ երկրի հարուստներն են, չեն իմանա ինչ ասեն: Երկրաշարժից սկսած թալանվում է այն ամենը, ինչը պիտի մեզ ու մեր երկիրը ոտքի կանգնեցներ:
Եվ ինչ հետևանքների մասին մտածելով են մարդիկ ձեռքը տանում այն գումարներին, որոնք հանգանակվել են չքավորի, կարիքի մեջ եղողի,վիշտ ու կորուստ ունեցողի համար:
Կասեք վատ ղեկավարներ ենք ունեցել, այո՛ ունեցել ենք: Բայց մենք հո լավ ժողովուրդ ենք: Մենք միշտ կանգնել ենք մեր հերոսների կողքին, դժվարության մեջ բռունցք դարձել: Այսօր էլ, կարող ենք: Եվ կանգնած ենք Սասնա Ծռերի կողքին, նրանց ընտանիքների կողքին:Բայց ժամանակն է, որ չորս աչքով հետևենք, թե ինչ է կատարվում, ուր են գնում հանգանակված գումարները:
Մեկս մյուսին հարգելով, հարգենք մեր հերոսներին՝ Սասնա Ծռերին: Մենք շատ ենք սխալվել, էլ սխալվելու ժամանակ չունենք: Թերությունները, որ նկատել և բարձրաձայնել ենք, ոչ թե հանուն անմակարդակ գզվռտոցի կամ անձնական մաղձի, այլ՝ հանուն գործի: Այս գործին պետք է մաքուր խղճով, մաքուր ձեռքերով մոտենալ, առանց մի նշույլ շահի, օգուտի:
Կլինենք այսպես, կլինենք միասին, չենք լինի այսպես կլինենք այնպես, ինչպես որ կանք՝ պառակտված ու թույլ:
Արաքսի Գրիգորյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1678 անգամ